Մատչելիության հղումներ

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց

Լրացված
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից: Մեղադրանքի մանրամասները, սակայն, դեռ հայտնի չեն: Վերջին հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված:

Ժամեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համարին մեղադրանք առաջադրելուն, սակայն վերադարձրեց նրան կալանավորելու համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունը:

Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ ընտրական մարմինը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը, համարել է, որ այդ հարցն այլևս իր լիազորությունների մեջ չէ:

«Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է նշված միջնորդությունը, այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու», - լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը՝ հավելելով. - «Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ, մեր գնահատմամբ, ևս պետք է վերադարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար»:

Հինգ տարի առաջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ կամ զրկվել ազատությունից առանց Ազգային ժողովի համաձայնության: Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հղում անելով ՍԴ մեկ այլ որոշման, ըստ որի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնությունը տալիս է ԿԸՀ-ն, պնդում էր, թե իրենք իրավասու են քննելու նաև պատգամավորին ազատությունից զրկելու հարցը: Մինչդեռ այսօր նիստից հետո Վահագն Հովակիմյանն արդեն ընդունեց՝ դա դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորությունների տիրույթից:

«Այսինքն՝ ՍԴ որոշումը էդ լիազորությունը տվել է, ազատությունից զրկելու հարցը, տվել է խորհրդարանին, այսինքն՝ պատգամավոր կարգավիճակը ձեռք բերելու պահից: Այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է, որ էդ միջնորդությունը քննարկելու լիազորություն չունի», - հայտարարեց ԿԸՀ նախագահը:

Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը փակ նիստում չի համաձայնել այս մեկնաբանությանը, սակայն որևէ հակափաստարկ էլ չի ներկայացրել: Թե՛ երեկ, թե՛ այսօր ԿԸՀ-ում միջնորդությունը ներկայացրած դատախազը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ հիմնավորմամբ է Դատախազությունը ներկայացրել մի միջնորդություն, որն, ըստ Բարձր դատարանի, դուրս է ընտրական հանձնաժողովի լիազորություններից:

Վարդևանյանն ասաց՝ այսօրվա որոշումից հետո, ամենայն հավանականությամբ, Նարեկ Կարապետյանին մեղադրանք կառաջադրեն:

Քրեական գործից մանրամասներ հայտնի չեն, Վարդևանյանն էլ գրեթե ոչ մի մանրամասն չհայտնեց, բայց պնդեց՝ գործընթացն ամբողջությամբ քաղաքական է: Նա միայն ասել էր, որ գործն առնչվում է ընտրական գործընթացին:

«Ներկայացնում են մի միջնորդություն՝ գրված իբր Նարեկ Կարապետյանին վերաբերող, ներկայացրել են հազար թերթ կից նյութ, որտեղ ոչ մի տեղ Նարեկ Կարապետյան մարդ չկա: Ի դեպ, մի տեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է՝ դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չի», - հայտարարեց փաստաբանը:

«Ուժեղ Հայաստան»-ից երեկ պատգամավորի մանդատ ստացան նաև Դավիթ Ղազինյանն ու Հայկ Սուքիասյանը: Երկուսն էլ կալանքի տակ են: Վարդևանյանը, կրկին հղում անելով ՍԴ որոշմանը, ասաց՝ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: Երկուսի հարցով էլ, փոխանցեց, ներկայացվել են միջնորդություններ. - «Արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույթ ստանձնելու, դատական նիստ նշանակելու և Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ, հույս ունենում ենք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին՝ մենք կունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի: ... Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը ևս միջնորդություն ներկայացրել է Դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա»:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը իր շուրջը տեղի ունեցողին հրապարակային չի արձագանքել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG