ԿԸՀ-ն այսօր շարունակում է քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու պահանջով:
«Մենք երեկ ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում երբևէ չէի տեսել: Այսինքն՝ իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն ունի պատգամավորի կարգավիճակ, ու այդ պայմաններում, անկախ այդ հանգամանքից՝ իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն», - ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը սա որակեց «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն, ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:
«Ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, ԿԸՀ-ն, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում», - ընդգծեց փաստաբանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել է, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։
Այսօր Վարդևանյանն ընդգծեց. «Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին 1619 որոշմամբ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում, մեկ բացառություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ: Հիմա ԿԸՀ-ն, դատախազությունը, հետագայում, վստահ եմ, մի քանի ժամ անց քննչական մարմինը պետք է փորձեն Սահմանադրական դատարանի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարեն: Սահմանադրական դատարանն օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը: Սա ի՞նչ է նշանակում՝ որ այստեղ այն, ինչ կատարվում է երեկվանից, իրավաբանությունից դուրս են»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նախօրեին մամուլի ասուլիսում պարզաբանեց. «Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը պահանջում է, որ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Այս ձևակերպումը նաև արձանագրված է Սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտին կայացված 1644 որոշման մեջ, որտեղ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն՝ ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում, պահանջում է, որպեսզի քրեական հետապնդման հարուցումը, ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն ԿԸՀ որոշմամբ: Այդ որոշումները պետք է ընդունվեն 2/3-ով»:
«Ազատության» հարցին, որ ԿԸՀ նախագահը հղում էր անում Ընտրական օրենսգրքին, օրենքի այդ կարգավորման և 2021-ի դեկտեմբերի ՍԴ որոշման միջև կա՞ն ինչ-որ հակասություններ, և ի՞նչ պետք է աներ այս դեպքում ԿԸՀ-ն, Վարդևանյանը պատասխանեց. «Այս հարցին պատասխանը տվել է հենց ԿԸՀ-ն՝ այն նիստին, որի ընթացքում որևէ մեկին ձեզնից և մեզ չէին հրավիրել: ԿԸՀ-ն միատոն կերպով հայտնում էր, որ դրանք բոլորը վերադարձվում են»:
Դատախազությունը մի անգամ էլ էր միջնորդություն ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ԿԸՀ-ն այն վերադարձրել էր, բացատրելով, որ այդ դիմումը ստացել էր ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո, սակայն չէր քննել, քանի որ զբաղված էր՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման պատճառով:
«Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը», - հայտարարել էր ԿԸՀ-ն:
Փաստացի՝ ԿԸՀ-ն նախորդ դիմումը մերժել էր, քանի որ բաց էր թողել դրա քննարկման ժամկետը, իսկ այս երկրորդը քննում է, քանի որ այն քննարկելու հնարավորությունը մինչև Ազգային ժողովի առաջին նիստը տալիս է Ընտրական օրենսգիրքը: