Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, վերադարձրեց կալանքի միջնորդությունը

Լրացված
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.
Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, հունիս, 2026թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Դատախազության միջնորդությանը, վերադարձրեց կալանքի միջնորդությունը, ինչը, ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի, համարժեք է դիմումը մերժելուն:

ԿԸՀՆ նախ քննարկեց քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, ապա ժամը 15:30-ից՝ կալանքինը:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ, որը ... իրականության, օբյեկտիվության, ընդհանրապես տրամաբանության հետ առնչություն չունեցող մեղադրանքի մասին է խոսքը, համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է։ Նշվածը չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում, ես տեսա՝ մի քանի լրատվականներ նման վերնագիրն էին օգտագործել։ Սա վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնության»։

«Այնուհետև սկսվեց քննարկումը՝ արդյոք խափանման միջոց ազատազրկելուն վերաբերող կարո՞ղ է կիրառվել, թե՞ ոչ. կրկին դա պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տա, եթե առաջնորդվում ենք այն մեկնաբանությամբ, ինչով է այս ամենը տեղի ունենում, մենք ներկայացրեցինք մեր հակափաստարկները», - նշել էր Վարդևանյանը՝ հավելելով. - «Ժամը 3:30 շարունակվելու է նիստը, ըստ դրա նաև նշված հարցի վերաբերյալ կունենանք ավելի հստակ տեղեկություն»։

Որոշման եզրափակիչ մասում, ըստ փաստաբանի, ասված է «պատգամավորի, ընտրված պատգամավորի, բայց դեռևս լիազորություններ չստանձնած պատգամավորի (նկատմամբ) միայն քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին, այլ ոչ թե ազատությունից զրկելու»։ «Մեղադրանք հարուցելու, ներկայացնելու համաձայնությունը ստացել են, ազատազրկելու հետ կապված համաձայնությունը 15:30 շարունակվելու է», - ընդգծել էր Վարդևանյանը:

Նարեկ Կարապետյանը, փաստաբանի խոսքով, ունի պատգամավորի կարգավիճակ և «Ուժեղ Հայաստան» առաջիկայում ձևավորվող խմբակցության տեսանկյունից այնպիսի առանցքային դերակատարում ունի, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ այս ամենը, երբ ասում ենք՝ նպատակ ունի նաև քաղաքական ընդհանուր գործունեությունը, ոչ միայն Նարեկ Կարապետյանի, այլ «Ուժեղ Հայաստան»-ին խաթարելու, պատահական չենք նշում»։

«Նարեկ Կարապետյանը ոչ միայն կարող է, Նարեկ Կարապետյանը արդեն պատգամավոր է։ Այլ հարց, որ Նարեկ Կարապետյանը դեռևս լիազորությունները չի ստանձնել», - նաև ասել էր Վարդևանյանը;

Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Վարդևանյանը սա որակել էր «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն, ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:

Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։



XS
SM
MD
LG