Մատչելիության հղումներ

ՔԿ․ բացահայտվել է մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպք, ձերբակալվել է Ալեքսան Ալեքսանյանը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք: «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է:

Ըստ ՔԿ-ի՝ Ալեքսանյանը, հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

2025-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին «Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար»:

Ըստ հաղորդագրության, Ալեքսան Ալեքսանյանը հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 դրամ։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ: Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նա ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG