Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:
Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը հայտնեց՝ Դավիթին Քննչականից արդեն տարել են դատարան:
Միքայել Մինասյանը լրագրողներին ասաց, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել, այլ հարցերի չցանկացավ պատասխանել:
Միքայել Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ ոչ մի հարված չի եղել, կադրերում երևացողը անգամ հարվածի փորձ էլ չէ: Նա նշեց, որ կաշկանդված է նախաքննության գաղտնիությամբ և չի կարող մանրամասներ հայտնել: Փաստաբանն ընդգծեց, որ տղաները որևէ հանցագործություն չեն կատարել, քաղաքականացված չեն:
Դավիթ և Միքայել Մինասյանները Քննչական կոմիտեում էին՝ հարցաքննության: Քննչականը նրանց առավոտյան մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
Երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:
Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
Նա ասաց, որ մեղքը չի ընդունում, ոչինչ չի կազմակերպել, այդ տղաներին էլ չի ճանաչում:
Նա անցած շաբաթ մասնակցում էր 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջով խորհրդարանի դիմացի ակցիաներին:
Դեպքը տեղի էր ունեցել կիրակի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ: «Տենց չնայես ինձ», - դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել: