Մատչելիության հղումներ

Վրաստանում՝ Եվրոպա գնացող կոնյակի որակի ստուգումներ, Հայաստանում՝ արտահանման նոր կանոններ

Հայկական կոնյակ, արխիվ
Հայկական կոնյակ, արխիվ

Ինչո՞ւ է գործընկեր Վրաստանը խոչընդոտում դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրումը

«Ո՞րտեղ ա ազատությունը». - բեռնափոխադրող Ալեքսանը, որ հայկական կոնյակը Լեհաստան է տանում, հարցնում է՝ եթե դեպի Եվրոպա արտահանման ճանապարհները բաց են, ինչո՞ւ է Վրաստանն իր սահմանով անցնող ապրանքն ուղարկում Գեզիի մաքսակետ՝ լաբորատոր ստուգման։ Ասում է՝ այդ խոչընդոտի պատճառով երկու օր կորցրել է Վրաստանում և ուշացել նավից, որով պետք է Լեհաստան հասներ. - «Առաջին նավը բաց թողեցինք, հիմա երկրորդ նավն ա կանգնել, հիմա բեռնաթափում են նավը, տեսնեմ՝ հնարավորությունս կների՞ խցկվել էս նավը»:

Ալեքսանն ասում է՝ Վրաստանի «Գեզի» մաքսային տերմինալում շուրջ մեկ տասնյակ հայկական բեռնատար է տեսել, որոնք նույն խնդրին էին բախվել. - «Սա իմ մեքենան ա, ես կանգնած եմ Գեզիում, էս բոլոր մեքենաները՝ այսպես, ինչպես որ տեսնում եք, բոլորը հայկական կոնյակով են, ու ոչ մեկ դեպի Ռուսաստան չի գնում՝ կամ Ղազախստան են գնում, Ուկրաինա են գնում, ինչ ա կատարվում չգիտեմ»:

Վրացի մաքսավորները նախորդ տարի էլ դեպի Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլային խմիչքն էին իրենց սահմանին շաբաթներով ստուգում: Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, թե արտառոց ոչինչ չկա, սովորական ընթացակարգ է: Բայց արտահանողները դժգոհում էին, որ այդ ձգձգվող ստուգումների պատճառով խախտվել են գործընկերների հետ պայմանավորվածությունները, ու իրենք զգալի վնասներ են կրել: Ինչո՞ւ է հիմա էլ վրացական կողմը դեպի Եվրոպա գնացող հայկական բեռնատարները սկսել ստուգել, կամ արդյո՞ք դա մասսայական բնույթ է կրում. Էկոնոմիկայի նախարարությունից հորդորեցին ԱԳՆ դիմել, «Ազատություն»-ը դիմեց, սպասում է պատասխանի:

Բեռնափոխադրող Ալեքսանը մի քանի ամիս առաջ է այդ նույն ճանապարհով անցել ու կրկին նույն ապրանքն է տարել, խնդիր չի եղել, ասում է՝ սա նոր բան է. - «Վրաստանը անցել ենք նորմալ, Ռուսաստանը անցել ենք և հասել ենք Լեհաստան՝ Բելառուսիայով, բանով հասել ենք Լեհաստան, ոչ մի խոչընդոտ: Իրենք ի՞նչ անմիջական կապ կա, ասենք, Լեհաստանի հետ, ինչի՞ մարտ ամսին ես գնացել եմ՝ ոչ մի խնդիր չկա, նույն արտահանողի բեռով: Փորձանմուշի պատասխանը կարող ա 15 օր հետո գա, 20 օր հետո գա, ի՞նչ ա փոխելու, Լեհաստանից հե՞տ ենք բերելու էս բեռը: Ոչ մի ձև չեմ կարողանում, էլի, էդ տրամաբանությունը հասկանամ»:

«Ազատությանը» դիմած բեռնափոխադրողն արդեն կորցրել է լաստանավի համար վճարած 500 եվրո կանխավճարը, սակայն հույս ունի, որ կկարողանա այսօր կամ վաղը բեռնատարով նավ բարձրանալ։ Հակառակ դեպքում ստիպված կլինի ևս մեկ շաբաթ մնալ Վրաստանում։

«Ես ընդհանրապես, որպես քաղաքացի՝ ես դեմ եմ Թուրքիայի սահմանների բացվելը մեր երկրի հետ, բայց եթե պետք ա մենք Եվրոպայի հետ աշխատենք՝ թեկուզ հետագայում, ես կողմ եմ միայն, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ բացվի: Իմ կարծիքով՝ Վրաստանը միշտ խոչընդոտ ա լինելու մեզ, ես չգիտեմ՝ միգուցե ստեղ ինչ-որ խանդի տեսարա՞ն կա», - նշեց Ալեքսանը:

Լրատվամիջոցներին դիմելով է փորձում Հայաստանի կառավարությունից պատասխան ստանալ, թե ինչո՞ւ է գործընկեր Վրաստանը խոչընդոտում դեպի Եվրոպա արտահանվող հայկական բեռների փոխադրումը. - «Ի՞նչ կապ ունի տարանցիկ երկիրը ստացող երկրի բեռը փորձաքննության ուղարկելու, ի՞նչ կապ ունի, ես ուղիղ կապն եմ փորձում հասկանամ»:

Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կգ-ից ավելի միրգ, բանջարեղեն և այլ բուսական արտադրանք դուրս հանել

Մինչ «Ազատություն»-ը փորձում էր պարզել այս հարցի պատասխանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով արտահանման նոր կարգավորմանը։ Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կգ-ից ավելի միրգ, բանջարեղեն և այլ բուսական արտադրանք դուրս հանել: Այսինքն՝ եթե հայաստանցին արտերկրում բնակվող իր բարեկամներին հյուր գնալիս մինչև այսօր կարող էր 5 կգ-ից ավելի հայկական ծիրան կամ դեղձ տանել, երեք օրից դա անելիս այլևս կարգազանց կհամարվի:

«Ցանկացած երկիր, որտեղ մեր ապրանքը պիտի գնա, և նույն Ռուսաստանին, այլևս պիտի գնա ամենախիստ վերահսկողության ներքո», - «Ազատությանը» ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը՝ հավելելով. - «Հասկանում ենք, որ ֆիզիկական անձինք գուցեև դժգոհություններ հայտնեն, որովհետև մինչև հիմա այդպես արտահանել են»:

Հողից աճող գրեթե բոլոր չվերամշակված գյուղմթերքներին է սա վերաբերում՝ միրգ-բանջարեղենին, հատապտուղներին, ծաղիկներին, տնկիներին, սերմերին, ինչպես նաև որոշ հացահատիկային մշակաբույսերի։ ՍԱՏՄ խոսնակն «Ազատությանն» ասաց՝ նպատակն արտահանվող ապրանքի հետագծելիության ապահովումն է, որ հնարավոր լինի վերահսկել դրա ծագումն ու կանխել անորակ արտադրանքի արտահանումը որևէ երկիր։

«Առաջին հերթին որակի վերահսկողության խնդիր ենք դնում, որովհետև հետագծելիություն ապահովել երկրի ներսում, թե որ ֆիզիկական անձը որտեղից է այդ ապրանքը վերցրել ու տանում, որտեղից է հավաքել, մենք չենք կարող: Երկրորդը՝ այն երկիրը, որտեղ տանում են, էնտեղ իրենք չեն ներկայանում բուսասանիտարական վերահսկողության, և հետքը որպես այդպիսին կորում է», - ընդգծեց Հարությունյանը:

Հայկական ապրանքների հարցը վերջին շրջանում բարձրացնում է ռուսական կողմը, որն արգելել է հայկական գյուղմթերքի, հանքային ջրի, ծաղիկների, ձկնամթերքի ներկրումն իր երկիր:

«Նաև պայմանավորված Ռուսաստանի արգելանքներով, չէ՞ որ իրենք էլ խնդիրը բարձրացնում են հենց այդ տրամաբանության մեջ, ամբողջը վերահսկելու և դարձնելու համար էնպիսի գործընթաց, որ մեր կողմից լինի հնարավորինս տեսանելի ու թափանցիկ, էսպիսի որոշում է կայացվել», - ասաց ՍԱՏՄ խոսնակը:

Երեկ Եկատերինբուրգում Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը մասնակցում էին նաև «Ռոսսելխոզդանդզոր»-ի և Հայաստանի ՍԱՏՄ ներկայացուցիչները: Պաշտոնական հաղորագրություններում ապրանքների հետագծելիության մասին խոսք չկա, պարզ չէ՝ այս կարգավորումն այդ հանդիպման հետ կապ ունի՞, թե՞ ոչ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG