Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրողներն անորոշության մեջ են. Լարսում հայկական բեռնատարների կուտակումը մեծանում է

Լարսի հատված, արխիվ
Լարսի հատված, արխիվ

Լարսում հայկական բեռնատարների կուտակումը մեծանում է, իսկ բեռնափոխադրողների անորոշությունը խորանում: Օրեր շարունակ 19 տոննա պղպեղ բարձած բեռնատարի վարորդն անհանգստացած է, բանջարեղենը երկար չի կարող այդպես պահել: Կողքին հայկական միրգ-բանջարեղեն տեղափոխող բեռնատարների այլ վարորդներն են, որոնցից շատերին, ասում է, ռուսները զգուշացրել են՝ «պետք է Հայաստան վերադառնաք»:

«Բոլորը ձևակերպված են՝ ետդարձ դեպի Հայաստան, բայց ոչ մեկին թույլ չեն տալիս գնալ Հայաստան, փաստաթղթերը չեն տալիս, ետդարձի ձևակերպումից հետո էդ մեքենաները պետք է մտնեն զննում, որը չի տեղավորվում տրամաբանության մեջ, ինչո՞ւ է մտնում զննում, եթե մեքենան արդեն ձևակերպված է ետդարձ: Մեզ մոտ տպավորություն է, որ մեզ արհեստականորեն ճնշում են, ուզում են ապրանքը փչացնեն», - ասաց վարորդը:

Բեռնատարների վարորդները պնդում են՝ Ռուսաստանի սահմանին ու հարակից մաքսակետերում կուտակված հայկական բեռնատարների թիվն արդեն մի քանի հարյուրի է հասնում: Այսօր էլ մեկ այլ լուր են ստացել. «Չեն տալիս փաստաթղթերը, մեքենաները կանգնած են, հետո գալիս է մեկ այլ ինֆորմացիա, որ պետք է ամբողջությամբ բեռնաթափեն, անցնենք բոլոր պրոցեսը՝ անորոշ վիճակով: Հիմա ինձ հետ կան կանգնած քար, կահույք, տարբեր բեռներ, ուղղակի նրանք այնքան անհանգստացած չեն, որովհետև իրենց մոտ սառնարան չի աշխատում»:

Անանուն մնալ ցանկացող բեռնափոխադողն ասում է՝ իրենց ընկերներից մի քանիսն էլ տոննաներով հայկական բեռները հասցրել են Բելառուս, ու հիմա էլ այնտեղ են ասում՝ վաճառքի ենթակա չէ: Բայց պնդում են՝ Հայաստանում անցել են անհրաժեշտ ստուգումը, ըստ որի՝ բեռը խնդիր չունի:

«Հայաստանում ստուգվել է, մտել է Լարսով անցել է, Լարսում չի ստուգվում: Բելառուսիայում ստուգում են, ասում են՝ հիվանդություն կա, չի համապատասխանում: Արդեն այնտեղ էլ են սկսել մերժել, արդեն 2-3 դեպք է», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Բեռնափոխադրողի խոսքով՝ օրինակ, Բելառուս հասած ապրանքը, որ պետք է տեղի շուկայում վաճառվեր ու տնտեսվարողը ստանար դրա գումարը՝ հիմա պետք է կամ ոչնչացվի ու աղբ դառնա, կամ էլ անվճար թողնեն սահմանին վարորդներն ու վերադառնան որովհետև ապրանքի ոչնչացման համար էլ պետք է վարորդը կամ հենց տնտեսվարողը վճարի: Նրանք վստահ են՝ սա քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի նկատմամբ, որը չնայած ՌԴ-ից ամեն օր հնչող զգուշացումների, այդպես էլ չի ասում, հիմա ԵՄ, թե ԵԱՏՄ-ի ուղին են բռնում:

«Մեր պետության ընտրություններն են կարևոր, դրա պատճառով ա երևի այս ամեն ինչը: Երբ ինչ - որ բան են Հայաստանում ասում, որ իրենց դուրը չի գալիս, էդ դեպքում են հիմնականում լինում խոչընդոտները: Բեռնափոխադրողների միջոցով, իմ կարծիքով, փորձում են ազդել ընտրությունների վրա, որ իրենց ուզած ուժերն ավելի շատ ձայն հավաքեն, անցնեն», - նշեց բեռնափոխադրողը:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ դեպի ՌԴ արտահանվող տարբեր ապրանքներում պարբերաբար խնդիրներ են ծագում, ու դա նա չի կապում ընտրությունների հետ:

«Նենց չի, որ նախկինում նման բան չի եղել ու ահա ընտրությունների կամ որևէ նարատիվի ֆոնին այսպիսի քայլի են դիմում Ռուսաստանի իշխանությունները: Կան խնդիրներ, այդ խնդիրները մշտապես ծագել են, ծագում են, ու մենք հակված ենք կառուցողական, առողջ գործընկերային մթնոլորտում գտնել լուծումներ», - նշել է Միրզոյանը:

Ռուսական կողմին Հայաստանի այս հավաստիացումները կարծես չեն համոզում, այսօր էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն է կշտամբել Երևանին՝ թե ամեն անգամ չմասնակցելով ՀԱՊԿ հավաքներին, մտացածին պատճառներ է մատնանշում:

«Ափսոս, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից, սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունն իր երկրի ու ժողովրդի ապագայի համար», - պնդել է Շոյգուն:

Հայաստանի պաշտոնյաները չեն հստակեցնում՝ այս պահին քանի հայկական բեռնատար է խնդիրների բախվում: Պատասխանատու կառույցները ոչինչ չեն ասում ու մեկի մյուսի վրա են գցում պատասխանը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG