Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանը կալանքը կշարունակի տանը: Վերաքննիչ դատարանը հոգևորականի խափանման միջոցը փոխել է:
«Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա արձանագրել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները կարող են զսպել մեղադրանքի կողմի ռիսկերը և այդ տեսակետից առաջին ատյանի դատարանը վերաքննիչի այդ դիրքորոշումը հաշվի առավ», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հինգ ամիս է՝ բանտում է: Ըստ մեղադրանքի՝ սրբազանը ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքն ու հարկադրել մասնակցել ընդդիմության հավաքներին: Փաստաբանը պնդում է՝ այս գործն անհիմն է, բարձրաստիճան հոգևորականը բանտարկվել է քաղաքական պատճառներով. «Հակաեկեղեցական շարժման շրջանակներում է»:
Մկրտիչ եպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջ որդին է: Նա հոկտեմբերին կալանավորվեց՝ վարչապետ Փաշինյանի կողմն անցած ու կարգալույծ եղած նախկին հոգևորականներ Արամայիս Թախմազյանի ու Ստեփան Ասատրյանի ցուցմունքների հիման վրա: Փաշինյանին միացած Ստեփան Ասատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, թե 2021-ին Արագածոտնի թեմի առաջնորդը իրենց պարտադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը: Այս մասին հոգևորականը խոսեց չորս տարի անց, երբ Փաշինյանը պահանջեց, որ կաթողիկոսը հեռանա: Նրա փաստաբանը պնդում է, որ Արագածոտնի թեմի առաջնորդը ճաղերի հետևում հայտնվեց կաթողիկոսին ճնշելու նպատակով:
«Սա ակնհայտ է: Սա ուղիղ խոսում է քաղաքական հետապնդումների մասին, որովհետև նույն Մկրտիչ սրբազանի գործով նույնիսկ դատախազության կոլեգիայի որոշում կա, որ այդ՝ միջին ծանրության հանցագործության համար կալանքի մարդուն չեն տանելու», - ասաց փաստաբանը:
Ըստ Քննչականի՝ թեմի առաջնորդը WhatsApp-ի խմբում թեմի հոգևոր հովիվներին հրահանգել է քաղաքական միջոցառումներին մասնակցել: Արա Զոհրաբյանը պնդում է՝ պատշաճ ապացույց չկա, որ որևէ մեկին պարտադրել է ընտրել որևէ ուժի կամ մասնակցել որևէ ուժի հավաքներին: Փաշինյանի պայքարին միացած նախկին հոգևորականի հարցազրույցից հետո էլի հոգևորականներ ձերբակալվեցին, բայց խիստ պատիժ՝ կալանք որոշվեց Մկրտիչ սրբազանի համար:
Արագածոտնի թեմի առաջնորդը կաթողիկոսի միակ մերձավորը չէ, որ ազատությունից զրկված է: Նոյեմբերին էլ՝ Վաղարշապատի համայնքապետի քարոզարշավի օրերին, կալանավորեցին նրա եղբորն ու եղբորորդուն: Այս գործն էլ հարուցվեց Փաշինյանին սատարող «Հանրապետություն» կուսակցության անդամներից մեկի բողոքով: Կուսակցության անդամը հաղորդել էր, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը:
«Կալանքն ապօրինի պահպանվում է մինչև հիմա, այնտեղ էլ կալանքի հիմքեր ընդհանրապես չկան, բայց հուսանք, որ մյուս դատական նիստերի ընթացքում մեր միջնորդությունները հաշվի կառնվեն», - ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ նրա, խոչընդոտ, լարվածություն ու քաշքշուկ չի եղել: Բայց փաստաբանի ապացույցը քննության վրա չազդեց: Մեկ հոգու ցուցմունքով հարուցված գործն արագ քննեցին ու ուղարկեցին դատարան: