Մատչելիության հղումներ

Մկրտիչ սրբազանը կմնա բանտում. դատարանում էին նաև կարգալույծ քահանաները


Արդեն քանի ամիս մեղադրյալի աթոռին հայտնված՝ Կաթողիկոսի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդի ու թեմի դիվանապետի առաջին դատական նիստին տուժող ճանաչված, նրանց դեմ ցուցմունք տված կարգալույծ քահանաներ Տեր Արամն ու Տեր Թադեն դատարան էին եկել անվտանգության աշխատակիցներով շրջապատված և նստել դատախազի կողքին:

Րոպեներ անց նիստը վերածվեց կարգալույծ քահանաների ու մեղադրյալ հոգևորականների փաստաբանների միջև բանավեճի:

«Եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը կարգալույծ է արել, դա փաստ է, էդ փաստին Դուք չեք կարող չհամակերպվել, պատվարժան դատարան, դա փաստ է: Այսինքն՝ իրենք հոգևորական չեն, իրենք էսօր գտնվում են, և դա հանրահայտ փաստ է նաև, որ իրենք եկեղեցիները զավթել են», - հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Մենք ծառայում ենք հայ ժողովրդին», - վստահեցրեց Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամ քահանան:

Եկեղեցու դեմ վարչապետի սկսած արշավի թեժ փուլում էր, երբ Փաշինյանի կողմն անցած Տեր Արամը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց տվեց, պատմեց, որ դեռ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն ու մյուս հոգևորականներին եպիսկոպոս Պռոշյանը հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին: Իրավապահները օրեր անց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք առաջադրեցին ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով: Դիվանապետ Գարեգին քահանա Արսենյանն էլ մեղադրվում է եպիսկոպոսին օժանդակելու համար:

Ցուցմունք տված կարգալույծ հոգևորականներն այսօր անպատասխան թողեցին լրագրողների հարցերը, թե ինչո՞ւ չորս տարի առաջվա դեպքի մասին հիշեցին միայն հիմա:

Դատաքննության մեկնարկին դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց մոտ հարյուր օր ճաղերի հետևում գտնվող Մկրտիչ սրբազանի կալանքը, ևս մեկ ամսով էլ՝ Տեր Գարեգինի տնային կալանքը:

Դատախազ Տիգրան Մուրադյանն այսօր էլ պնդում էր՝ Մկրտիչ սրբազանն ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը, ազդել այս գործով անցնողների վրա:

«Արձանագրում ենք, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են՝ հիմնավորելու մեղադրյալին սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը», - հայտարարեց դատախազը, - «Գտնում ենք, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը անհրաժեշտ է երկարաձգել ևս երեք ամիս ժամկետով»:

Ինչպե՞ս կարող է Մկրտիչ սրբազանն ազդել այս գործով անցնող անձանց վրա, հարցնում էին նրա փաստաբաններն ու ընդգծում՝ քրեական գործի սկզբում իրավապահները պնդում էին, թե պետք է կալանավորվի, քանի որ կազդի վկաների վրա: Պարզվեց՝ վկաներ չկան, ասում էր փաստաբան Երեմ Սարգսյանն ու հարցնում դատախազին՝ ինչպե՞ս կարող է բարձրաստիճան հոգևորականն ազդել արդեն նախկին քահանաների վրա, որոնք շրջում են անվտանգության աշխատակիցներով շրջապատված:

«Մենակ էն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք՝ առերեսումներին ինչ շքախմբով են գալիս, ոստիկանական է խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենալ տուժողներին, ուր մնաց, ասենք, սրբազանը, հայտնվելով ազատության մեջ, փորձի ինչ-որ բան խոչընդոտի», - ասաց Սարգսյանը:

Կարգալույծ քահանաները, սակայն, այդպես էլ չպատասխանեցին հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ, որ իրենց նախկին վերադասներն ազատության մեջ լինեն:

«Եթե մենք այդ հարցին պատասխանենք, ձեզ վնաս տված կլինենք, հետևաբար՝ մենք այս հարցին չենք պատասխանում և թողնում ենք, որ պատվարժան դատարանը, դատավորը ինքը փաստերը համեմելով՝ ինքը որոշումը կայացնի», - ասաց Ստեփան Ասատրյանը:

Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված քահանաները փոխարենը ակտիվ ելույթներ ունեցան այս դատաքննության հետ կապ չունեցող՝ իրենց կարգալուծության թեմայով:

Կաթողիկոսի դեմ վարչապետի պայքարի ընթացքում մեղադրյալի աթոռին են հայտնվել չորս սրբազաններ: Մկրտիչ սրբազանից բացի, տարբեր մեղադրանքներով կալանքի տակ են ևս երեք արքեպիսկոպոսներ: Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է ահաբեկչության փորձի մեղադրանքով: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով, իսկ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոցների իրացման համար: Նրանցից որևէ մեկը մեղքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG