Մատչելիության հղումներ

«Մենք էլ ենք փոխվել, չե՞ք զգում». Քոչարյանը ժողովրդավարություն է խոստանում

«Հայաստան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում իրենց չսիրողներին ու չընտրողներին էլ հիշեցին: Պատգամավորի թեկնածուներից կրտսեր Քոչարյանը դիմեց նախկին իշխանության տարիներից դժգոհ մարդկանց, որ այդ սխալներից հիասթափված՝ իշխանության բերեցին Փաշինյանին:

«Այսօր ես իմ խոսքը ուզում եմ ուղղել մեր այն հայրենակիցներին, ովքեր մեզ չեն սիրում, մեզ չեն ընդունում և չեն պատրաստվում քվեարկել մեզ համար: Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, կիսելով քո արդարացի զայրույթը, այնուամենայնիվ խնդրում եմ՝ մի թող, որ 30 տարվա, 20 տարվա, 10 տարի առաջվա որևէ սխալ պատճառ դառնա, որ դու այսօր ընտրես Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավոր, Ալիևի մարզպետ Նիկոլին», - հայտարարեց Լևոն Քոչարյանը:

Իսկ այդ սխալներից ի՞նչ դասեր է քաղել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման տարիներին էլ թիրախավորվել են քաղաքական հակառակորդները, բանտերում են հայտնվել, անարդարությունների դեմ պայքարողներին չեն հանդուրժել: Նո՞ւյնը չի լինելու, եթե Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության գա:

«Մենք էլ ենք փոխվել: Երկրորդը՝ այն ժամանակ ես ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չեմ անցել, ընդդիմադիր չեմ եղել, այսպես, մյուս անկյան տակ պրոցեսները չեմ տեսել», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Մինչեւ Հայաստանը կառավարելն էլ Արցախում էր ադրբեջանցիների դեմ պայքարում, ու այլախոհների դեմ ճնշումներն իր համար ակնհայտ են դարձել հատկապես ընդդիմադիր գործչի տեսանկյունից, ասաց Քոչարյանը, որ խոստանում է ժողովրդավար դառնալ:

«Ղարաբաղյան շարժում էր, այնտեղ մենք պայքարում էինք և՛ Ադրբեջանի դեմ Սովետի ժամանակ, և սովետական զորքերի, այսպես, վերահսկողության տակ էր այդ ամեն ինչը արվում: Եվ ըստ էության, հիմա, այսպես ասենք, նաև ընդդիմադիրի աչքով այս ամեն ինչը տեսա, և սա նոր փորձ է, հետաքրքիր փորձ է և չի կարող ազդեցություն չունենալ իմ աշխատանքի ոճի վրա», - ասաց նախկին նախագահը, հարցին՝ «ի՞նչ ոճ եք որդեգրել», արձագանքելով. - «Դուք չեք զգո՞ւմ շփումների առումով, մարդկանց լսելու առումով, և այլն»:

«Ավելի հանդուրժո՞ղ», - այս հարցին նա արձագանքեց. - «Իհարկե»: «Եվ ժողովրդավա՞ր», - սրան էլ պատասխանեց. - «Իհարկե ավելի»:

«Ես կրկնեմ՝ իմ նոր փորձը ամբողջացրել է իմ կյանքի փորձը», - ասաց Քոչարյանը:

Ժողովրդավարություն խոստացող Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս է գնահատում իրենց շանսերն այս ընտրություններում: Հաջողվե՞լ է մարդկանց համոզել, որ ավելի հանդուրժող կլինեն: «Հայաստան» դաշինքի առաջնորդը, որ նախորդ ընտրություններում խոստանում էր հաղթել, այս անգամ ավելի զգուշավոր է. - «Չեմ ուզում դրա մեջ մտնել, ես կարծում եմ՝ ընդդիմությունը ունի մեծ շանս՝ հավաքական, այսպես ասենք, ձայներով հաղթել այս իշխանությանը»:

Նախընտրական արշավի վերջին հանդիպմանն էլ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ու թիմակիցները շեշտում էին՝ սա ճակատագրական ընտրություն է: Մարդկանց կոչ էին անում ընտրատեղամասեր հասնել ու որոշել:

«Մենք պաշտպանո՞ւմ ենք, թե՞ դավաճանում ենք մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքային համակարգին: Պաշտպանո՛ւմ ենք: Մենք պահպանո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե՞ մենք դառնալու ենք թուրքական աշխարհի կցորդ և կատարելու ենք իրենց կամքը», - հայտարարում էր նախկին նախագահը:

«Եթե մենք, եթե դուք չեք գնում ընտրության, չե մասնակցում ընտրություններին, դա ձեր փոխարեն անում է էս երկրում փոքրամասնություն կազմող արժեհակամարգը ու դրանով որոշում է մեր բոլորի ապագան», - պնդում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին որակում է պատերազմի կուսակցություն, իշխանության համար պայքարող ընդիմադիր դաշինքի երկրորդ թեկնածուն՝ Աննա Գրիգորյանը այսօր էլ շեշտեց՝ բանակ ուղարկելու որդի ունի ու ինքն ամենից շատն է խաղաղություն ուզում:

«Ես էլ որպես մայր՝ ամենաշատը խաղաղություն և անվտանգություն եմ ուզում, և մենք նրան հասնելու ենք: Իրական խաղաղություն լինելու է, և մենք դա բերելու ենք», - վստահեցրեց Գրիգորյանը:

Իշխանության հիմնական մրցակիցներից Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը միակն էր, որ նախընտրական պայքարն ավարտեց առանց երգիչների: Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը տեղում համակիրներին բեմ հրավիրեց, ու «Քոչարի» պարեցին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG