Օրերս Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրում տեղի է ունեցել մի միջադեպ, որը վրաերթով է ավարտվել և ակներևաբար քաղաքական հողի վրա է տեղի ունեցել։ Վրաերթի ենթարկողը «Հայաստան» դաշինքի համակիր է, նրա տան պատերին ընդդիմադիր այդ ուժի մեծ նախընտրական պաստառներ են՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով, իսկ վրաերթից տուժածը ոստիկան է՝ Պարեկային ծառայության աշխատակից, որն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հարազատների տեղեկություններով՝ վիճակը դեռևս վատ է։
Ոստիկանն անգիտակից վիճակում է տեղափոխվել հիվանդանոց, այս պահին որոշակի բարելավում կա, բայց դեռևս ցուցմունք չի տվել. դա՝ կնոջ և մոր տեղեկություններով, որոնք, սակայն, հրաժարվեցին հարցազրույցից, նշեցին,
որ անգամ չգիտեն նախապատմությունը, թե ինչից է ծագել վեճը: Նրանց հավաստմամբ՝ երկու տղամարդիկ եղել են ընկերներ:
Համագյուղացիների պատմելով՝ իսկապես պարեկային ծառայության աշխատակիցն այցելել է իր ընկերոջ բնակարան, որոշ մարդիկ պնդում էին, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, բայց ընտանիքի անդամները, ինչպես նաև այլ համագյուղացիներ սա հերքում են։
Գյուղում խոսում էին, թե պարեկը հենց քաղաքական պահանջներով է գնացել իր համագյուղացու տուն, և դրանից է առաջացել վեճը, նաև մամուլն էր գրել, որ ոստիկանը «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու պահանջ է ներկայացրել: Ընտանիքից, սակայն, հերքեցին այդ պնդումները՝ ընդգծելով, որ ոստիկանը որևէ քաղաքական կողմնորոշում չունի և չի զբաղվում քաղաքականությամբ, որևէ պահանջ չի ներկայացրել որևէ համագյուղացու:
Գյուղում զգուշավորություն կա, որևէ մեկը չխոսեց նախընտրական մթնոլորտի մասին։
Վրաերթի ենթարկած երիտասարդն այժմ կալանքի տակ է, բայց Քննչական կոմիտեից չպարզաբանեցին, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, և նախաքննությունը որ ուղղությամբ է տարվում, «Ազատությանը» հորդորեցին գրավոր հարցում ուղարկել և հավելյալ այլ տեղեկություն չփոխանցեցին։
Կալանավորվածի տանը «Ազատության» այցելության պահին որևէ մեկը չկար, դուռը կողպված էր: Հարևանները նշեցին, որ մայր ու որդի են բնակվում, որդին ամուսնացած չէ, միջադեպից հետո մոր առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց, ասացին, որ դեռևս ծանր վիճակում է գտնվում:
Նոյեմբերյան խոշորացված համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն իշխանության է եկել 2021 թվականից: Իսկ Զորականի վարչական ղեկավարը հրաժարվեց «Ազատության» հետ հանդիպել և առհասարակ խոսել այս միջադեպից: