Քարոզարշավն այսօր Սևանում անցկացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Ընտրություններից հետո պետք է վերանորոգել երկիրը, այս կոչով սևանցիներին դիմեց վարչապետի ընդդիմադիր թեկնածուն։ Այսօրվա ելույթի առանցքում կրկին հայ-ռուսական վատթարացող հարաբերություններն էին։
«Իմ տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունը ոչ մի հաշվարկ չի անում, մեկ հաշվարկ ունի՝ ի՞նչ անի, որ աթոռը պահի, թքած ունի, թե հետո ինչ կլինի իր սեփական ժողովրդի հետ», - հայտարարեց Քոչարյանը:
Այսօր ավելի վաղ «Հայաստան» դաշինքը նաև մի տեսանյութ էր հրապարակել սոցցանցում, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որակեց մանիպուլյացիայի, ստի, ագրեսիայի, ատելության, պոպուլիզմի ութ տարիներ։
«Գործող իշխանությունը այս քարոզարշավը վերածել է Հայաստանի պատմության ամենակեղտոտ քաղաքական գործընթացի», - պնդում էր նախկին նախագահը:
Վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմադիր երեք առաջատար ուժերին անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», քարոզարշավի ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը՝ էդ նշանակում ա Հայաստանը տանել հետ՝ պատերազմի հորձանուտի մեջ», - պնդում է վարչապետը:
«Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի». - իր այսօրվա ուղերձում Հայաստանի երկրորդ նախագահը հակառակն էր պնդում՝ շեշտելով՝ հարևանների հետ ավելորդ լարվածություն, իսկ դաշնակիցների հետ առճակատում չի լինի։
Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Քոչարյանն ընդգծեց, որ չի խաղալու մեծ տերությունների հակասությունների վրա, այլ բարեկամական հարաբերություններ կունենա և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի հետ։
«Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ՝ ներառյալ Թուրքիան և Ադրբեջանը», - ասում էր երկրորդ նախագահը:
Պաշտոնական ուղերձներից ու քարոզարշավից բացի, Քոչարյաններն այս քարոզարշավի ընթացքում նաև ընտանեկան պատմություններով են կիսվում։ Այս անգամ կրտսեր Քոչարյանը՝ Լևոնը հրապարակել էր մի հատված մոր՝ Բելլա Քոչարյանի հետ մտերմիկ զրույցից. -«Մամ, ուզում ե՞ս պապան ընտրվի, թե՞ չէ»: - «Չէ, ուզում եմ ընտրվեն՝ Նիկոլը գնա, բայց չեմ ուզում ինքը վարչապետ լինի: ... Ուզում եմ՝ էդ մասը հաղթի, էլի, օպոզիցիան հաղթի՝ միասնական օպոզիցիան, հետո կոնկրետ չեմ ասում՝ ուզում եմ ինքը լինի, բայց լավ կլինի, որ ինքը լինի, որ այս շրջանը, գոնե երկու-երեք տարին ինքը տանի»:
Ի դեպ, մարզերում ու սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ իրականացնող Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի Հանրային հեռուստաընկերության կազմակերպած՝ քաղաքական ուժերի առաջին համարների մեծ բանավեճին, պնդելով, թե այդ ձևաչափով բովանդակային քննարկում հնարավոր չէ ունենալ: Այս շաբաթ տեղի ունեցած մյուս երկու բանավեճերին նրա թիմակիցները մասնակցել են: