Մատչելիության հղումներ

Ո՞վ է մատուցելու վարչապետի մասնակցությամբ պատարագը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում


Պատարագ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, արխիվ
Պատարագ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, արխիվ

«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ և Անմահ Պատարագի», - - ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս մի պատարագի կազմակերպումը հեշտ չէր: Շիրակի թեմում մինչև այս պահը չի գտնվել մի քահանա՝ 24-ից, որ կհամաձայներ այս կիրակի պատարագից չեզոքացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի ու թեմի բանտարկված առաջնորդի անունները: Փաշինյանի թիմակիցների և ուժայինների՝ օրեր տևած փնտրտուքներն ու բանակցությունները արդյունք չտվին:

«Մեզնից ոչ ոք, մենք տեղյակ չենք, ես էլ հիվանդ եմ, լավ չեմ, եղավ, հաջողություն Ձեզ», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո Շիրակի թեմում նրան փոխարինած Նարեկ եպիսկոպոս Ավագյանը: Ճշտող հարցին՝ «թեմից ոչ ոք չի՞ պատարագելու», նա արձագանքեց. - «Ասացի՝ ոչ»:

Նարեկ եպիսկոպոսը վստահեցրեց՝ իրենք Յոթ Վերքում անցկացվելիք դեկտեմբերյոթյան պատարագի հետ կապ չունեն, հրաժարվեց մանրամասնել՝ ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետ Փաշինյանի աղոթական պլանները փոխեցին այն, ինչ թեմն էր ծրագրել:

Օրեր առաջ Շիրակի թեմը հայտարարել էր՝ կիրակի Յոթ Վերք առաջնորդանիստ եկեղեցում իր առաջին պատարագը կմատուցի նոր օծված Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Հետո վերանայեցին. նա ոչ թե Յոթ Վերքում, այլ Ամենափրկիչում կպատարագի:

«Ես կարգադրություն ստացել եմ թեմակալ առաջնորդից, տեղափոխվել է պատարագը Ամենափրկիչ: Եթե Յոթ Վերքում էլ անեի պատարագը, միանշանակ՝ Վեհափառ Հայրապետի անունը տալու էի», - «Ազատությանը» ասաց Տեր Գառնիկը:

Նա հաստատում է՝ թեմում բոլոր քահանաները հրաժարվել են շեղվել եկեղեցական կանոնից ու շրջանցել Վեհափառի, թեմակալ առաջնորդի անունները: Իսկ այս հարցով հատուկ ծառայություններից իր հետ բանակցե՞լ են: «Ինձ ոչ մեկ չի զանգել, ոչ իշխանական թևից են զանգել, ոչ մեկ, ոչ մեկի հետ կապ չեմ ունեցել: Առավոտ մերոնք են զանգել, իմացել եմ էսքանը», - ասաց Տեր Գառնիկը:

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենն էր երկու օր առաջ «Ազատության» հետ զրույցում պատմել՝ իր հետ բանակցելու են եկել մի շարք անձինք, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունից, թե՝ «Վեհափառի անունը շրջանցիր»: Ըստ քահանայի՝ Փաշինյանը ցանկացել է, որ հենց ինքը պատարագի, դեմ չէ, բայց՝ առանց տեքստերի խմբագրման, ասել էր:

Վարչապետն ինքը երեկ հաստատեց՝ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ Փաշինյանի, բնական բան է՝ քահանային ճանաչող մարդիկ՝ բարեկամ, ԱԱԾ-ական, ճշտումներ են անում: Վարչապետի գլխավոր հիմնավորումը. - «Որովհետև Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը»:

Որոշ իրավապաշտպաններ սա որակեցին խայտառակություն. ուժայինները գործի են դրվել Փաշինյանի քաղաքական ծրագրերն իրագործելու համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց. - «Սա ուղղակի խայտառակություն է ու պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը հանդիսանում է մարդու կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ անթույլատրելի ճնշման փաստ: Նման բնույթի «հորդորները» չեն կարող որակվել որպես «անձնական բնույթի» հարաբերություն: Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ՝ նրան բնորոշ բնույթին ու գործելակերպին համապատասխան»:

Գյումրիի Յոթ Վերք կամ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանան խորը անորոշության մեջ է՝ նա մամուլից է իմացել, որ իր հովվության տարածքում Փաշինյանը պատարագի է մասնակցելու: Լավ, դռները բաց են բոլորի համար, բայց ո՞վ է պատարագելու վարչապետի սահմանած կանոններով:

«Որևէ մի հոգևորական Շիրակի թեմում չի համաձայնվել զեղչել Վեհափառ տիրոջ անունը և չի համաձայնվել զեղչել նաև առաջորդի անունը», - «Ազատությանն» ասաց Տեր Հուսիկը:

Նրա խոսքով՝ Յոթ Վերքում կարող է դրսից պատարագող գալ, բայց միայն Միքայել սրբազանի՝ թեմի առաջնորդի թույլտվությամբ: Այսինքն՝ նրա փաստաբանների միջոցով: Չի՞ բացառում, որ կրկնվի Հովհաննավանքի նախադեպը, երբ Արագածոտնի թեմի քահանաներին թույլ չտվեցին վանք մտնել, որպեսզի այդտեղ պատարագի քահանայական կարգից զրկված Ստեփան Ասատրյանը: Գուցե ուժայինները Յոթ Վերքից հեռացնե՞ն այդտեղ ծառայող քահանաներին:

«Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, ուրեմն՝ նշանակում է, որ բռնազավթելու նպատակ կա էստեղ, դա էլ, եթե չեմ սխալվում, քրեական հոդված է: Ուրեմն, պիտի սա հասկանանք», - ընդգծեց Տեր Հուսիկը:

«Իմ պարտավորությունն է լինել եկեղեցում, իմ ծառայության վայրում», - շեշտում է քահանան, որ առավոտից անընդհատ անակնկալ լուրերի է բախվում. Տեր Գառնիկը՝ նոր օծված քահանան, խնդրել էր Վեհափառին, որ իր առաջին պատարագը հենց Յոթ Վերքում մատուցի, բայց ստիպված տարհանվել է դեպի այլ եկեղեցի:

Ոչ ոք անունը չգիտի, բայց գտնվել է հոգևորական, որ պատրաստվում է Յոթ Վերքում խորան բարձրանալ ու խմբագրել պատարագի տեքստը այնպես, ինչպես վարչապետն է նախընտրում: Ըստ Շիրակի թեմից հնչող հավաստիացումների՝ այդ հոգևորականը Շիրակից չէ: Ո՞վ է: Արդյո՞ք Փաշինյանի ձեռքը սեղմած եպիսկոպոսներից մեկը կուղևորվի Գյումրի, առայժմ չի բացահայտվել, փաստ է այն, որ նրա համար արդեն ազատվել է Գյումրիի առաջնորդանիստ Յոթ Վերքը:

Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունն այսօր ֆրանսիացի պաշտոնյաների սոցցանցային էջերում էր: Վեհափառը երկու օրով Մարսելում է՝ հայրապետական այցի: Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կարճ խոսք է ասել Կաթողիկոսը, Հայաստանում տեղի ունեցողն անվանել եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ:

«Խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, որով ապօրինի քայլեր և բռնաճնշումներ են սանձազարծվել Մայր Աթոռի և բարձրաստիճան եկեղեցականության դեմ», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Չարամիտ ոտնձգությունները կչեզոքացվեն՝ Գարեգին Երկրորդն այսպիսի հույս է հայտնել:

Ի դեպ, հակակաթողիկոսական արշավի արձագանքները մի թեթև հասել են նաև Ֆրանսիա.

«Կտրի՛ճ, դավաճա՛ն, Կտրի՛ճ, հեռացի՛ր»:

Մի քանի հոգի «ամո՛թ, հեռացի՛ր» են կոչել, ու ևս մի քանի հոգի՝ Կաթողիկոսին կանչել աշխարհիկ անունով:

Ոչ պաշտոնական աղբյուրներից տարածված տեսանյութերում տեսնում ենք Վեհափառին ողջունողների, նրան աղուհացով դիմավորողների ու նրա օրհնանքին սպասողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG