Այսօր դատախազն իր նախաձեռնությամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004-ի նոյեմբերի 8-ից մինչև 2016-ի փետրվարի 11-ը Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանի նկատմամբ՝ «պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար»:
Մասնավորապես, Դատախազության հաղորդագրության համաձայն, քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008-ի մարտի 1-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանը «Ազատության հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, [...] օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին (Հայկ Հարությունյան. - խմբ.) գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի Ազատության հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում»:
Այնուհետև, ըստ հաղորդագրության, Գորիկ Հակոբյանը վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008-ի մարտի դրությամբ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին «դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը»: Հետին ամսաթվերով՝ 2008-ի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբր հիմք է հանդիսացել Գորիկ Հակոբյանի փետրվարի 28-ի կեղծ գրության համար, պնդում է Դատախազությունը:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Տ.Բ.-ի նկատմամբ՝ 2003 թվականիի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը», նրա ղեկավարած վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ասված է հաղորդագրությունում:
Գորիկ Հակոբյանը մահացել է 2017 թվականին, Հայկ Հարությունյանը՝ 2019 թվականին:
Հունիսի 1-ին Դատախազությունը հաղորդեց, որ «Մարտի 1»-ի գործով նոր քրեական գործ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։
Մայիսի կեսերին քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ը 100 տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021-ին արդարացվեցին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով, որով Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին արդեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով: Այս հոդվածի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: Վերջերս, սակայն, Գլխավոր դատախազը Ազգային ժողովում հայտարարել է, թե փաստերը «հիմք են տալիս կարծիք հայտնել», որ այս դեպքում «գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է»:
2008 թվականի հետընտրական բախումների հետևանքով Երևանի կենտրոնում 10 մարդ զոհվեց, մինչ օրս այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել: