Մատչելիության հղումներ

Լրացավ մարտիմեկյան իրադարձությունների 18-րդ տարին

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 18-րդ տարին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր բողոքում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտի 1-ի սպանություններից 18 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ութ տարի առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»։

Վերջին օրերին այս գործով նոր կալանավորումներ եղան: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը կալանավորվել է: Մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, հունվարին էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

XS
SM
MD
LG