Դատախազությունը հաղորդում է, թե մարտի 1-ի գործով նոր քրեական գործ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանը, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Վալերի Գրիգորյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը և 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար, որն՝ «էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ»։
Խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ հրապարակված հաղորդագրության համաձայն, «մեղադրյալները օժանդակել են պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը»։
Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե « Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:
Գործի բացահայտման մասին ՔՊ առաջնորդը հայտարարել էր նաև նախորդ՝ 2021-ի քարոզարշավին, մինչ օրս, սակայն, այս գործով որևէ մեկը չի դատապարտվել, մեղավոր չի ճանաչվել։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: