Մարտի 1-ի ողբերգությունն ընտրությունից ընտրություն փոխանցվող հաղթաթուղթ է, սին խոստում՝ առանց հետևանքների. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր մարդու ոտնահարված իրավունքների մասին էր բարձրաձայնում խորհրդանշական վայրում՝ Մարտի 1-ի հուշարձանի մոտ։
Կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ ընդամենը իմիտացիա է։
«Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի շարունակում է շահարկել Մարտի 1-ի դեպքերը, - ասաց Մարուքյանը և նշեց, - ո՞նց կարելի է վերջին 8 տարվա ընթացքում Քոչարյանին նստեցնելու թեմայով շարունակել իշխանավարել»:
Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսում էր Մարտի 1-ի ոճրագործության մասին, կրկնում՝ «Մարտի 1-ի գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», թեև 18 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեկ ամիս առաջ էր հայտարարել՝ դատախազությունը կհամարի գործը բացահայտված, երբ լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական որոշում։ Նաև ասել էր, թե «փաստերը հիմք են տալիս կարծիք հայտնել, որ այս դեպքում գործ ունենք բռնությամբ զուգորդված՝ իշխանական լիազորությունների անցման հետ, որն անժամկետ հանցագործություն է:
«Ազատությունը» պարզաբանում է խնդրել դատախազից՝ արդյոք դա վերաբերո՞ւմ է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպե՞ս կարող է դա տարածվել նաև այն հոդվածների վրա, որոնց դեպքում օրենքով կիրառվում է վաղեմության ժամկետը: Պատասխան դեռ չենք ստացել։
«Իրավաբանորեն այդտեղ անելու բան չկա, խաբում են, ոչ մեկը չի նստելու, ստում են, ուզում են վերընտրվեն, նորից գնան պառլամենտ, իրար հետ գնան գործուղումների՝ ուտեն, խմեն, քեֆ անեն, Ստրասբուրգ գնան: Վերջին հինգ տարին տեսել ենք՝ ինչ են արել: Մարդ էր քոմենթ գրել՝ «պարոն Մարուքյան, որ ասել ա՝ «Քոչարյանը պետք ա նստի», նկատի ունի՝ պառլամենտում պետք ա նստի, նկատի չունի բանտում», - ասաց Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն այսօր նաև հիշեցնում էր, որ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք փոփոխված կազմով Սահմանադրական դատարանը Քոչարյանին արդարացրեց Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Գործը հետո վերաբացվեց, այս հունվարին էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:
«Այս խորհրդանշական վայրը նրա մասին է, որ այն ուժը, որը կապիտալիզացրել է այս ամեն ինչը, այդ ուժն այսօր շարունակում է այս նույն բարքերը կրել», - նշեց Էդմոն Մարուքյանը:
Մարտի 1-ի հուշարձանի մոտ Մարուքյանն ու նախընտրական ցուցակում նրան հաջորդող Կարպիս Փաշոյանը նստել ու քննարկում էին ոչ միայն արյունալի այս դեպքը, այլ նաև վերլուծում՝ ինչպես են ոտնահարվում այսօր մարդու իրավունքները, ինչպես են փակվում բերանները, որոնք իշխանահաճո հայտարարություններ չեն անում, ինչ է լինում, երբ իշխանությունը բացարձակ անվերահսկելի, անսանձ է դառնում։
«Նենց մի արեք, որ մի տաս տարի հետո էլի նմանատիպ հուշարձան տեղադրենք, ասենք՝ Նիկոլ Փաշինյանի բռունքներից տուժած մարդկանց հիշատակի համար», - ասաց Փաշոյանը:
Մարուքյանն էլ արձագանքեց. «Այո, եթե այպես շարունակվի, մի հայտ այդպիսի հուշարձան լինելու է, որովհետև այս իշխանությունը գնալով դառնալու է բռնարար»:
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ ընդդիմադիր կուսակցությունը հետընտրական զարգացումներ է կանխատեսում:
«Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ է, ինքը ինչ կուզի կանի, և որևէ մեկը չկա, որ նրան կանգնեցնի: Դա կարող է ինչ-որ մի օր հանգեցնել արյան, մենք կանխատեսում ենք, որ դա կլինի, եթե կանխարգելող միջոցներ չլինեն», - ընդգծեց Փաշոյանը:
Մարուքյանն էլ հայտարարեց. «Երրորդ ժամկետ չէր կարելի գնալ, այսինքն ինքը այդ կարմիր գիծն է հատում, այդ կարմիր գիծը հատելուց հետո ասում եք՝ կարա՞ արյուն լինի, այո, կարա լինի: Եթե կարմիր գիծը հատում ես, ամեն ինչի պատրաստ ես լինելու, և լինելու է»:
Պատմական ակնարկ էլ եղավ...հասան մինչև ցարական Ռուսաստան, հիշեցին՝ ինչ արեց հեղափոխությունը Նիկոլայ երկրորդի ընտանիքի հետ, ու առհասարակ ինչ է անում հեղափոխությունն իր զավակներին։