Այսօր Պռոշյան և Քասախ համայնքներում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից քննադատեց իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որակեց սադրիչ, մեղադրեց 44-օրյա պատերազմը սադրելու և այդ պատերազմում պարտության համար։
Քոչարյանը դիմեց իր հետ հանդիպման եկած բնակիչներին, թե այս ընտրության բանաձևը լինելու է հետևյալը՝ ով ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին։ Նախկին նախագահի պնդմամբ՝ 2021 թվականի խոստումները Փաշինյանը չի կատարել, և նրան ղեկավարում է Ադրբեջանի նախագահը:
«Անվտանգությունը մենք ասում ենք, որ պետք է լինի երաշխավորված։ Այն, ինչ անում է այս Կառավարությունը, ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի մեկ մարդուց՝ կոնկրետ Իլհամ Ալիևից, Ադրբեջանի նախագահից։ Եթե համարում ենք, որ Ադրբեջանի նախագահը գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում ենք։ Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար», - հայտարարեց երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև իրեն վերագրվող ձայնագրությանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի քանի տարվա վաղեմության հեռախոսազրույց, որ իբր Քոչարյանը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանից աջակցություն է խնդրում, թե քաղաքականություն է մտել նրա հետ փոխհամաձայնությամբ և 2023-ին խնդրում է այդ իրավիճակից ելք։
Ռոբերտ Քոչարյանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր հերքեց, ասաց, որ իրեն վերագրվող այդ ձայնագրությունը կեղծ է, և վստահեցրեց, որ եթե ուզենար հանդիպել Պուտինին և որևէ բան ասեր, ապա կհանդիպեր տետ ա տետ և նրան փակ հանդիպման ժամանակ իր ասելիքը կասեր։
«Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չի եղել ընդհանրապես։ Իհարկե հորինված է։ Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում», - ընդգծեց Հայաստանի նախկին նախագահը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդի հանդիպումներն առանց միջադեպերի չանցան։ Քասախ համայնքում հանդիպման եկած բնակիչներից մեկը մոտեցավ Քոչարյանին, նրան ենթադրաբար մեղադրեց Մարտի 1-ի համար, նշեց, որ 2008 թվականի այդ արյունալի իրադարձությունների զոհերից մեկը՝ Գոռ Քլոյանն իր ընկերն է եղել, և հետո գոռում էր «մարդասպա՛ն»։ Քոչարյանի աջակիցներն էլ հակադարձեցին, թե մարդասպանը Նիկոլ Փաշինյանն է։ Ռոբերտ Քոչարյանը ելույթը ընդհատեց և իր աջակիցներին հորդորեց, որ սադրանքի չտրվեն։ Նա դա որակեց սադրանք և իշխանությանը մեղադրեց այդ սադրանքները կազմակերպելու մեջ։
«Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք: Չեք հիշո՞ւմ, հիշացնե՞մ: Իսկ դուք Գոռ Քլոյանին ճանաչում ե՞ք, գիտե՞ք, որ իրա էրեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով, չգիտե՞ք: Ես զարմանում եմ՝ դուք ո՞նց եք մտնում մարդկանց մեջ, դուք ո՞նց եք ման գալիս», - ասում էր այդ քաղաքացին, - «Մարդասպան դավաճա՛ն: ... Բա խի՞ գնդակահարեց մեզ, իմ ընկերներին»:
«Մարդասպանը Նիկոլդ ա, Նիկոլդ», - հակադարձեցին նախկին նախագահի աջակիցները:
«Այս իշխանության ջղաձգումներին էս նորմալ ա, առաջիկա օրերին ավելի թեժ ա լինելու, ըմբռնումով մոտեցեք», - հայտարարեց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նման մի միջադեպ էլ տեղի ունեցավ Պռոշյանում, մի քաղաքացի փորձում էր մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, նրան տարածքից հեռացրեցին։
Քոչարյանն այստեղ էլ ելույթը ընդհատեց և իր աջակիցներին հորդորեց, որ նման դեպքերում չմիջամտեն և որևէ բանի չխառնվեն, և պնդեց, որ իշխանությանը այդպիսի պատճառ է պետք իր թիմակիցներին կալանավորելու համար։
Եթե երկրորդ նախագահը վարչապետին մեղադրում է պատերազմը սադրելու և պարտության համար, Նիկոլ Փաշինյանն էլ ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժին մեղադրում է պատերազմի համար և հայտարարում է, որ եթե ընդդիմադիրները իշխանության գան, պատերազմը անխուսափելի կլինի։