Մատչելիության հղումներ

Քոչարյան. «Լավ ենք, ամուր, պայքարի պատրաստ»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական հանդիպման ժամանակ, մայիս, 2026թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական հանդիպման ժամանակ, մայիս, 2026թ.

Այսօր Գեղարքունիքի Ճամբարակ համայնքից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տավուշ եկավ, Դիլիջանի կենտրոնում, քաղաքապետարանի հարակից հրապարակում մարդկանց հետ հանդիպեց, ձեռքսեղմումներ եղան, նկարվեցին ու միմյանց հույս տվեցին, թե ընտրությունների արդյունքները լավ են լինելու:

Չնայած նախապես բարձրախոս էին պատրաստել, բայց հանդիպումն ընթացավ առանց դրա:

«Լավ ենք, ամուր, պայքարի պատրաստ, եկել ենք ձեզ էլ ոգևորենք», - իրեն ողջունած համակրին ասաց նախկին նախագահը:

Նախկին զինվորական Արայիկ Ղազարյանը սահմանազատված Կիրանցից էր: Ավելի քան 20 տարի Ռուսաստանում է ապրում, ասաց՝ հատուկ եկել է՝ աջակցելու երկրորդ նախագահին: Քոչարյանը հարցրեց՝ «պատը լավ եք՞ պահում». երկու տարի առաջ Կիրանցի հատվածում սահմանազատումից հետո կառուցված սահմանային պատը նկատի ուներ: Քոչարյանի համակիր տղամարդը հարցերը բռնությամբ լուծելու կողմնակից էր:

Քոչարյանը, որի նախագահության վերջին օրերին տեղի ունեցան մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունները, արձագանքեց, թե գործող իշխանությունները մարդկանց վախեցնելու ճանապարհով են գնում, ինքը գա իշխանության՝ կփոխի, ամեն ինչ նախկինի նման կլինի՝ Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ու Հայաստանը՝ առանց վախի:

Քոչարյանի հետ հանդիպելու էին եկել նաև Արցախից տեղահանվածներ: Մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ Քոչարյանի հետ հույսեր ունի, որ հետ՝ Արցախ գնալու հնարավորություն կտա. - «Հա, ես հույս եմ կապում, որ մենակ Քոչարյանը կարող ա էտի կատարի: Տարբերակը, ես չգիտեմ՝ ինչ կա, պալիտիկան էնպիսի բան ա, որ մենք չենք կարա դա իմանանք, ուղղակի մեր սրտի ուզածը դա ա»:

Նախկին նախագահն իր նախընտրական հանդիպումներում վերադարձն Արցախ դեռ հնարավոր չի համարում, բայց ասում է, որ նախ պետք է արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնեն:

Մի ուրիշ համակիր արևմտահայերենով էր խոսում՝ ընտանիքով էին եկել: Ասացին՝ Հայաստանի քաղաքացի են՝ առաջիկա քվեարկությանը կմասնակցեն. - «Ով որ ըլլա, թող ըլլա, Նիկոլը պետք չի գա: Կփոխենք, ժամանակը եղավ»:

Դիլիջանից շարժվեցին դեպի Իջևան, որտեղ ընտրողների հետ արդեն դահլիճում էր հանդիպում նախատեսված: «Հայաստան» դաշինքի անդամներն ասացին՝ նախապես նաև Դիլիջանի ՔՊ-ական իշխանություններին էին դիմել քաղաքի բացօթյա ամֆիթատրոնում հանդիպումն անցկացնելու թույլտվության համար, բայց մերժվել են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG