Մատչելիության հղումներ

Վաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը

Ընտրապայքար մտած 17 կուսակցություններն ու 2 դաշինքները վաղն արդեն պաշտոնապես կսկսեն քարոզարշավը, որ վաղուց էր մեկնարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է վերցրել ընտրողներին հանդիպելու համար, քարոզչությունը սկսելու է Սյունիքից՝ ուրբաթ և շաբաթ հավաքներ անցկացնելով մարզի տասից ավելի բնակավայրերում:

«Անհամբեր եմ սպասում մեր հանդիպումներին, սիրում եմ բոլորիդ, կգանք, կզրուցենք, կքննարկենք ու իրար հետ տեր կկանգնենք խաղաղությանը», - նշեց վարչապետը:

Փաշինյանը մեջբերում էր կուսակցության կարգախոսը՝ «Տեր կանգնիր խաղաղությանը»:

Ռոբերտ Քոչարյանն ընտրողներին ասում է՝ «Միասին կարող ենք»: Նա երկրորդ անգամ է փորձելու Փաշինյանից իշխանությունը վերցնել, այդ ճանապարհին քարոզարշավի առաջին կանգառը Էջմիածնում է, որտեղ «Հայաստան» դաշինքը հրավիրել է հանրահավաք:

Երկրորդ նախագահն այս անգամ կրկին դաշինք է կազմել Դաշնակցության և նորաստեղծ «Առաջ» կուսակցության հետ:

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը, որ թեկնածու չէ, տնային կալանքի տակ է ու չի կարողանալու մասնակցել արշավին, քարոզչության մեկնարկից ժամեր առաջ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին. «Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի ու վստահ ենք դրա մեջ»:

Կարապետյանի թիմակիցները քարոզարշավը սկսելու են երևանյան հանրահավաքով, ապա ուղևորվելու են Սյունիք, մայիսի 9-ին «Ուժեղ Հայաստան»-ը «Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ» կարգախոսով հավաք կանցկացնի Գորիսում, իսկ վարչապետը՝ 70 կիլոմետր այն կողմ՝ Կապանում:

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի առաջին օրը թիմակիցների հետ կհանդիպի, հանրահավաքային արշավը նա կսկսի հայրենի Աբովյանից մայիսի 10-ին՝ «Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան» կարգախոսով:

Նախորդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսը այս անգամ առանց առաջին նախագահի է գնում ընտրությունների, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսօր հրապարակեց նախընտրական ծրագիրը՝ «Խելամիտ ուղի» կարգախոսով:

«Մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը: Եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը, առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ», - նշեց Զուրաբյանը:

Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, որ 2021-ին դուրս մնաց խորհրդարանից, այս անգամ ընտրություններին մասնակցում է «Պաշտպանիր ինքնությունդ» կարգախոսով, համարում են «ոչ սովորական» քարոզարշավ:

«Վերջին տարիների մշակութային դիվերսիան, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, մեր ժողովրդին ռևիզիայի ենթարկելու մեր անցած պատմական ճանապարհը, դրա համար մեր կուսակցությունը չի մտնում այս ընտրության մեջ, որ մենք խոսենք սպառողական ինչ-որ խոստումներից, կենսաթոշակներից», - ասաց Մարուքյանը:

Առաջին անգամ երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում է Փաշինյանի երբեմնի թիմակից, Երևանի նախկին քաղաքապետ, «Կարգին հաղորդման» համահեղինակ Հայկ Մարությանը՝ «Կառուցենք կարգին երկիր» կարգախոսով: Նա արշավը կսկսի երևանյան բակերից, մինչև այդ Մարությանը սոցցանցերում հումորային հոլովակներով էր ընտրողների քվեն հայցում:

Քարոզարշավը կտևի մեկ ամիս, ընտրողներին համոզելու վերջին օրը հունիսի 5-ն է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG