Քարոզարշավի երրորդ օրը «Քաղաքացիական պայմանագիրը» Վայոց Ձորի մարզում է, ՔՊ-ի առաջին կանգառը Ջերմուկ քաղաքն էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անարձագանք թողեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցը: Պուտինը մասնավորապես հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կսատարի ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին:
Փաշինյանը եղավ այլ համայնքներում ևս՝ Գնդեվազում, Զառիթափում, Մարտիրոսում, Արենիում: Նա խոսել է քաղաքացիների հետ, բուկլետներ ու քարտեզներ տվեց:
Վարչապետ հայտարարել է, որ պետության և քաղաքացու միջև էմոցիոնալ կապի վերականգնումը Հայաստանի կարևորագույն խնդիրներից է: «Տասնյակ հուշարձաններ են վերականգնվում և սրանով մեր էմոցիոնալ կապն ուժեղանում մեր պետության հետ: Հայրենիք ասելով մենք ավելի ու ավելի քիչ ենք հասկանում պատից կախված նկար», - նշել է վարչապետը։
Այսօր օրվա ավարտին նախատեսվում է հանրահավաք Եղեգնաձոր քաղաքում:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր թիմակիցների հետ Գեղարքունիքի մարզում է: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջին կանգառը Գեղամասար գյուղն է եղել։
«Մեր խնդիրն է բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն, այլ տարբերակ փոքր երկրի համար սեփական երկիրն անվտանգ պահելու, ուղղակի չունենք: Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել», - հայտարարեց Քոչարյանը:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանն» այսօր քարոզարշավ է անցկացրեց Խնձորեսկում: Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, իսկ նրա թիմակիցները նախօրեին են շարժվել դեպի Սյունիք։ Ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր թիմակիցների հետ շրջեց Խնձորեսկում, խոսեց բնակիչների հետ, բուկլետներ բաժանեց: Եղան նաև Գորիսում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը մեկնել է Արմավիրի մարզ։ ԼՀԿ ղեկավար ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ «ամեն ինչ անելու ենք, որ ատոմակայանի նոր էներգաբլոկը կառուցվի»:
Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նշել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է շրջանառել նախագիծ, որով համապետական ընտրություններին չեն կարող մասնակցել այն կուսակցությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում չեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների։
«Եթե կուսակցությունը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ ՏԻՄ ընտրության չի մասնակցել, ապա համապետական ընտրություններին չի կարող մասնակցել»,- նշել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական համակարգը պետք է զերծ պահել անհայտ ուժերից։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ իր առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության անդամների հետ այսօր քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում, առաջին կանգառը Վանաձորն է եղել:
«Մեր ուղերձն է վանաձորցիներին և մեր հայրենակիցներին, որ մեր գլխավոր հանձնառությունը լինելու է Հայաստանի անվտանգությունը և բանակի բարեփոխումը», - ասել է Թաթոյանը:
2018-ի հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը քարոզչությունը սոցհարթակներում է իրականացնում։
Քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին։