Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը մարզերում են հանդիպում ընտրողներին, մյուսները՝ դեռ Երևանում։
2021-ից հետո երկրորդ անգամ վարչապետ է փորձում դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքը երեկ էր։ Այսօր առավոտյան Քոչարյանը թիմակիցների հետ «Եռաբլուր»-ում էր։ Լրագրողները հիշեցրին, որ վարչապետ Փաշինյանը նաև իր քաղաքական ուժին է պատերազմի եռագլուխ կուսակցությունների շարքում դասել՝ պնդելով, թե ոչ Քոչարյանի, ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ Սամվել Կարապետյանի ուժերը չպետք է խորհրդարան անցնեն։
«Մենք արդեն, մենք արդեն ասել ենք՝ եռագլուխը ինքն է, Ալիևը և Էրդողանը, ահա, իսկական եռագլուխը», - ասաց Քոչարյանը:
Խորհրդարանական նախորդ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ «Հաղթանակ» զբոսայգում Զուրաբյանը հայտարարեց, թե իրենք գիտեն ինչպես կառուցել հզոր պետություն, որը կապահովի ժողովրդի ազատությունը, ինքնիշխանությունն ու բարեկեցությունը, հորդորեց կարդալ իրենց նախընտրական ծրագիրը։
«Բոլոր քաղաքական ուժերը գալիս են, ասում են՝ այս կանենք, այն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք։ Շատ լավ։ Իսկ ձևը առաջարկո՞ւմ եք։ Մեր ամբողջ ծրագիրը հենց գործիքակազմ է, ձև, ինչպես մենք պետք է լուծենք այդ խնդիրները։ Ասում եք՝ գյուղացու համար պիտի եկամտաբեր սարքենք, գյուղատնտեսական գործունեությունը։ Ո՞նց։ Մենք շատ կոնկրետ ծրագիր ենք դնում և առաջին անգամ, օրինակի համար, մտնում ենք այդ պետական օպերատորի ստեղծման գաղափարով», - ասաց Զորաբյանը։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական առաջին հանրահավաքը երեկ էր։ Կարապետյանը տնային կալանքում է, իսկ նրա թիմակիցներն առավոտյան շարժվել են դեպի Սյունիք։ Ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էր ավտոբուսից տեսանյութ հրապարակել, որտեղ նրա թիմակից Էդգար Ղազարյանը հումորով արձագանքեց իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքի գործերին կցված գաղտնալսումներին։
«Ուժեղ Հայաստանը» հերքում է իրավապահների պնդումները, թե ընտրություններին ընդառաջ կաշառք են բաժանում։
«Դե, մենք ունենք քարոզչական հանդիպումներ մեր ընտրողների հետ, նաև մեծ հավաքներ մեծ քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Գորիսում, հետո նաև Կապանում, վերադարձի ճանապարհին մեծ հանդիպումներ կունենանք նաև Վայոց ձորում, իմ ծննդավայր Վայքում և ինձ համար շատ սիրելի նաև Եղեգնաձորում։ Դե մայկաները վերցրել ենք այստեղի գրասենյակից, շալվարները կվերցնենք Արտաշատի գրասենյակից», - ասաց Ղազարյանը։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ իր առաջնորդած «Միասնության» թևեր կուսակցության անդամների հետ «Հաղթանակի» զբոսայգուց Նոր նորք վարչական շրջան էր գնացել։ Սևազգեստ մի կին, որն ասաց՝ պատերազմում երկու զոհ է ունեցել, Թաթոյանից խաղաղության երաշխիք ուզեց։ Կողքից մի կին արձագանքեց՝ ռուսների հե՞տ եք խաղաղություն բերում։
«Տիկինը մի կարևոր հարց տվեց, ասում է՝ «ռուսներո՞վ ենք խաղաղություն բերելու»։ Ոչ մի անգամ չպետք է հույսներս դնենք ուրիշի վրա։ Երբ մենք հույսներս դրեցինք ուրիշի վրա, միշտ այդ ուրիշը մեզ իր շահերի համար զոհաբերելու է», - ասաց Թաթոյանը։
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ Փաշինյանի կաբինետում երկու տարի հատուկ հանձնարարություններով դեսպան է եղել, հիմա նույնպես վարչապետ դառնալու հայտ է ներկայացրել։ «Եռաբլուր»-ում այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանին քննադատեց։
«Ճակատագրական սխալ ասել Արցախյան շարժում, նշանակում է, որ ռեֆլեքսիայով փորձել ռևիզիայի ենթարկել մեր պատմությունը, փորձել կեղծել մեր պատմությունը, փորձել մերժել մեր պատմությունը, փորձել նվաստացնել զոհերի հիշատակը, ուրանալ այդ հիշատակը», - նշեց Մարուքյանը։
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու նրան միացած «Մայր Հայաստանի» անդամներն այսօր նույնպես «Հաղթանակ» զբոսայգի էին գնացել, բայց նրանց հետ չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը մինչև այս պահը չի բացահայտում, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն։
Նա քարոզարշավի առաջին օրը փակ հանդիպում էր ունեցել թիմակիցների հետ։ Նախընտրական քարոզարշավը կսկսի վաղը՝ հայրենի Աբովյանից։
2018-ի հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը, որին հետո ՔՊ-ն հեռացրեց պաշտոնից, նույնպես փորձում է վարչապետ դառնալ։ Մարությանն առայժմ քարոզչությունը սոցհարթակներում է շարունակում։ Վաղը կշրջի Երևանի կենտրոնի բակերում։
Պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի երկրորդ օրն է այսօր։ Այն կավարտվի հունիսի 5-ին։