Մատչելիության հղումներ

Մնում է՝ իշխանությունները հոգևորական ձեռնադրեն. Ռուբեն վարդապետ

Մնում է՝ իշխանությունները հոգևորական ձեռնադրեն, «Ազատության» հետ զրույցում հեգնեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության նախկին պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Վարչապետի որոշմամբ «Ներման հարցերի խորհրդակցական հանձնաժողովում նրան փոխարինել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը»:

Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսական կարգից զրկված Գևորգ սրբազանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը, փաստորեն Մայր Աթոռի ներկայացուցիչ է դարձել այս հանձնաժողովում:

«Կա լուրջ սահմանադրականության խնդիր։ Ո՞վ է տվել այդ լիազորությունն իրենց։ Իրենք իրենց լիազորություն են վերագրում և ուզում են իրավական պետություն ստեղծել, թող ցույց տան Սահմանադրության մեջ կետ, որ իրենք այդ լիազորություններն ունեն։ Սա լիազորությունների ուզուրպացիա է, յուրացում», - նշեց Զարգարյանը։

Արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող հանձնաժողովում սովորաբար բանտային հոգևորականներին համակարգող Մայր Աթոռի ներկայացուցիչն էր ներգրավվում: Ռուբեն վարդապետը Մասյացոտնի թեմն է այժմ ղեկավարում, և նրան պիտի փոխարիներ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ հայր Իսահակը: Նա պատմեց, որ դեռ նախորդ տարի է դիմել արդարադատության նախարարին փոփոխության համար, ոչ մի պատասխան չի ստացել, հետո արդեն լրահոսում են տեսել, որ պաշտոնանկ ու կարգալույծ հռչակված Սարոյանն է հանձնաժողովում:

Այսօր Մայր Աթոռից էլ են արձագանքել՝ այս քայլը համարել հերթական ոտնձգություն եկեղեցու ինքնավարության ու կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ. «Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է հայաստանյան օրենսդրությունը։ Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից»։

Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման գործընթացը հայաստանյան ու արտերկրի թեմերից հասել էր բանակ ու այժմ էլ բանտեր է մտել: Օրեր առաջ Նուբարաշենում 16 տարի հոգևոր ծառայություն իրականացնող Գրիգոր քահանան «Ազատությանը» պատմել էր, որ իրեն արգելում են բանտ մտնել, զրուցել իր հավատացյալների հետ: Բանտերում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ վարդապետն էլ ասել էր, որ Վանաձորի բանտում էլ խնդիր կա, խոսել էր, որ տասնամյակների համերաշխ աշխատանքից հետո այժմ Քրեակատարողական ծառայությունը խնդիրներ է ստեղծում հոգևորականների համար: «Ազատությունը» հարցում էր ուղարկել ծառայություն. պատասխանել են՝ Տեր Գրիգորի մուտքն արգելել են, որովհետև նա բանտում քաղաքական հայտարարություններ է հնչեցրել:

Գրիգոր քահանան քրեակատարողականի հիմնավորումը չի ընդունում, ասում է՝ իր միակ առաքելությունը բանտարկյալների ավերված հոգիներին փրկության ճամփա ցույց տալն է: Իսկ քահանայի մուտքի արգելքի պատճառների մասին տեղեկացրե՞լ են ծառայությունը համակարգողին, ծառայությունից պնդում են՝ այո: Համակարգող հայր Իսահակն ասում է՝ ոչ:

Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն իրականացվում է դեռ 90-ականներից: Քահանաները խցեր են այցելում, զրույցներ վարում, նաև կնունք, պսակ, պատարագներ: Միշտ հրաշալի համագործակցություն է եղել Արդարադատության նախարարության հետ, բայց վերջերս բանտային հոգևորականները անսպասելի ազդակներ էին ստանում, նամակները անպատասխան են մնում, քահանաների առջև դուռ են փակում:

«Այսինքն՝ մեծահասակ մարդ գնա, հասնի դռների մոտ, այնտեղ իրեն ասեն, որ ձեր մուտքը արգելված է՝ պատճառաբանելով՝ իբր իր խոսույթի մեջ քաղաքական երանգներ կան։ Իրենք ուղղակի չեն հասկանում, որ իրենք պետական կառույց են ղեկավարում, ոչ թե իշխանական, ինչ-որ կուսակցական կառույց։ Լավ, այդ հոգևորականը մեր պետության համար մեծագույն ծառայություն է մատուցել, ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվն է եղել», - նշեց Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Արդյոք Արդարադատության նախարարությունը, քրեակատարողականը հոգևոր ծառայության նոր մոդել են ուզում ներդնել, հարցրել էինք Քրեակատարողական ծառայության ղեկավարին: Պատասխանել է՝ «ծառայությունն ավելի կարիքահեն դարձնելու համար պայմանագրեր ենք կնքել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների հետ», նրանք կծառայեն քրեակատարողական հիմնարկներում:

Բանտերում հոգևոր ծառայությունը համակարգող հայր սուրբը բոլորովին տեղյակ չէր, որ նոր մոդել կա, ենթադրում է՝ կամ կարգալույծ հռչակված, կամ կաթողիկոսին գահից իջեցնելու իշխանական պլանին միացած քահանաներն են պայմանագրեր կնքել ու բանտեր կմտնեն:

«Մենք այդպիսի տեղեկատվություն չունենք, նշանակում է՝ գաղտնի են արել», - ասաց հայր Իսահակը:

Շուրջ 15 տարի բանտերի հոգևոր հովիվ հայր Ռուբենն էլ հիշեցնում է՝ Մայր Աթոռի ու Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրով են սահմանված հոգևոր ծառայության կառուցվածքը, նպատակները:

Հայր Ռուբենը լսել է՝ նոր պայմանագրով բանտարկյալներին այցելող քահանաները նաև կվճարվեն:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG