Հայաստանի գործազուրկների գրեթե կեսը՝ շուրջ 90 հազար մարդ, ավելի քան մեկ տարի շարունակ գործ է փնտրել ու այդպես էլ չի գտել։ Վիճակագրական կոմիտեի 2024-ն ամփոփոխ ծավալուն տարեկան զեկույցն ու նորանոր ռեկորդների մասին վարչապետ Փաշինյանի ելույթները լիովին տարբեր իրավիճակներ են նկարագրում։
Մինչ Փաշինյանը նոր աշխատատեղերի մասին է խոսում, պաշտոնական վիճակագրությունը փաստում է գործազրկության չնվազող մակարդակի, տղամարդկանց ու կանանց եկամուտների անհավասարությունների և մի շարք այլ չլուծվող խնդիրների մասին։
«Այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում», - ասել էր վարչապետը։
2024-ի ամփոփված տվյալներով՝ գործազրկության մակարդակը 13.3 տոկոսի է հասել։ Սա ոչ միայն հեռու է այն նվազեցնելու կառավարության խոստումներից, այլև հետխորհրդային երկրների շարքում վատագույն ցուցանիշներից է։ Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք ուզում են աշխատել, գործ են փնտրում, սակայն չեն գտնում։
Ըստ ծավալուն զեկույցի՝ գործազուրկների քանակով ամենաբացասական վիճակագրությունը Տավուշն ունի։ Մարզի բնակիչների ավելի քան 28 տոկոսը 2024-ին գործ չի ունեցել։ Տավուշցի կանանց շրջանում թիվը շատ ավելի բարձր է՝ 34,3 տոկոս։
Հայաստանի երիտասարդների մինչև 29 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը նույնպես երկնիշ է՝ 21.5 տոկոս։ 44-օրյա պատերազմին հաջորդած 2021-ից հետո ամենաբացասական թվերն են արձանագրվել։ Դժվարությամբ են գործ գտնում անգամ բարձրագույն ու հետբուհական կրթություն ստացած երիտասարդները։ Դիպլոմ ունեցողներից 16.4 տոկոսը 2024-ին աշխատանք է փնտրել ու չի գտել։
«Եթե աշխատանքն արդյունք չի տալիս, այսինքն՝ կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը», - ավելի վաղ կարծիք էր հայտնել վարչապետ Փաշինյանը։
Չնայած նրա այս պնդմանը, բարձրագույն ու հետբուհական կրթություն ստացածների 11.1 տոկոսը կամ ավելի քան 51 հազար մարդ գործ չի ունեցել։
Իսկ որ ոլորտների մասնագետներն են գործ փնտրել, սակայն չեն գտել. մեկ տարի առաջ հենց այս շրջանում աշխատանք է փնտրել բուհական դիպլոմ ունեցող 4 հազար 138 մարդ։ Նրանց 22 տոկոսը հումանիտար կրթություն է ստացել։ Եվս 22-ը տնտեսագիտություն է սովորել, 17 տոկոսը մանկավարժի դիպլոմ է ունեցել։
Հայաստանի գործատուներն ամենաշատը սպասարկման ոլորտի աշխատակիցներ են փնտրել։ Նրանց պահանջարկն ավելի բարձր է, քան բարձր որակավորում ունեցող մասնագետներինը։ Անցած տարեվերջին ամենաշատը վաճառողների ու բանվորների կարիք են ունեցել։
Աշխատաշուկայից դուրս է մնում նաև հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը։ Անցած տարի նրանց միայն 21 տոկոսը՝ մոտ 40 հազարն են գործ ունեցել, շուրջ 145 հազար հաշմանդամություն ունեցող մարդ չի աշխատել:
Ծավալուն զեկույցը նաև վկայում է, որ երիտասարդներն իրենց ստացած կրթությունը չեն կարևորում. ըստ վիճակագրական կոմիտեի՝ 25-29 տարեկան երիտասարդների 31.5 տոկոսը կրթությունն օգտակար չի համարել: Համաձայն զեկույցի՝ 2024-ին աշխատողների մաքուր աշխատավարձը հարկերը հանած միջինը 167 հազար դրամ է կազմել:
Տղամարդկանց ու կանանց եկամուտների տարբերությունը շարունակում է զգալի մնալ. կանայք միջինը 55 հազար դրամ ավելի քիչ եկամուտ են ստանում։ Ամենացածր աշխատավարձերը Տավուշում ու Շիրակում են գրանցվել։ Մինչև 29 տարեկան երիտասարդների շրջանում տարբերությունն ավելի փոքր է՝ 37 հազար դրամ։
Ի դեպ, այս զեկույցը փաստում է, որ Հայաստանում նաև 85-ն անց աշխատող մարդիկ կան, որոնք 2024-ին օրը միջինը հինգ ժամ աշխատել են։