Արդեն 41 օր ճաղերի հետևում գտնվող Արեգնազ Մանուկյանին միայն այսօր թույլատրեցին տեսնել անչափահ դստերը, որն այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում: Ավելի քան մեկ ամիս մայրիկին չտեսնելուց հետո նրանց հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի կանանց բանտում: Միայն բազմաթիվ բողոքներից հետո քննիչը թույլ տվեց 14-ամյա երեխային մորն այցելել:
«Քննիչը առավոտ կանուխ հայտարարել է մյուս պաշտպանին, որ տեսակցությունը թույլատրված է, և էս պահին արդեն Արփին տեսակցում է Արեգնազ Մանուկյանի հետ», - ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում: Թևանյանը, սակայն, իր հարազատների հետ շփման արգելք չունի:
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ նման որոշումը նրա աջակիցները հոգեբանական ճնշում են որակում. - «Էս ամենը քաղաքական պատվեր է, էս ամենը հստակ վերևից եկած էս իշխանությունների հրահանգներն են»:
Ու մինչ քրեակատարողական հիմնարկում մայրն ու դուստրը երկար դադարից հետո առաջին անգամ տեսնում էին իրար, նախկին պատգամավորի աջակիցներն ու մի շարք ընդդիմադիր գործիչներ փոքիկ տորթով եկել էին Եվրամիության գրասենյակ՝ պահանջելով չլռել «Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին»:
«Ուզում եմ, քանի որ իրենք չվերցրեցին այս տորթը, դնել գետնին, և կուզենամ բոլորս միասին ասենք՝ ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ», - հայտարարեց ակցիայի մասնակիցը, մյուսները ձայնակցեցին նրան:
Նախկին պատգամավոր, ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ Եվրամիությունն անտարբեր է Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ:
«Խափանման միջոցները այսպիսի կոշտ սահմանափակումներով ընդունելը հենց հոգեբանական ճնշման մի տեսակ է: Այսինքն՝ եթե կնոջը, ով ունի անչափահաս երեխա, իր խնամքին տարեց մարդկանց՝ նրանք իր ամուսնու ծնողներն են, որոնք իր հետ են ապրում, և նաև իր մայրը, որը իր խնամքի կարիքը ունի, սա ուղղակի բռնության մի ձև է», - հայտարարեց Փոստանջյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանը պնդում է՝ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչները մարդու իրավունքների պաշտպանության հարցերում կրկնակի ստանդարտներ են կիրառում:
«Մեր պարագայում լռությունը նաև հանցագործություն է: Արեգնազը ուղղակի կին քաղբանտարկյալների շարքում հերթական զոհերից մեկն է, բայց մենք նաև նրանից առաջ ունեցել ենք Լիդյա Մանթաշյանի դեպքը և ունեցել ենք էս միջազգային կառույցների լռությունը», - հայտարարեց Գալստյանը:
Ցույցի ընթացքում Եվրամիության գրասենյակից ակցիայի մասնակիցների հետ զրուցելու ոչ ոք չեկավ: Իշխանությունները հերքում են Հայաստանում քաղաքական հետապնդումները՝ մատնացույց անելով, որ նման եզրահանգումների նաև միջազգային կառույցները չեն եկել:
Երեկ, ի դեպ, ավարտվեց Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի գործով նախաքննությունը, իսկ Մանուկյանի կալանքի հարցը վերաքննիչ ատյանում բողոքարկելու պաշտպանների ջանքերն առայժմ արդյունք չեն տվել: Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի բացառում, որ այսկերպ փորձում են թույլ չտալ, որ խափանման միջոցի հարցը Վերաքննիչը քննի:
«Էդ ձգձգումները էնքան տարօրինակ էին, և հիմիկվա էս մեր անորոշությունն էլ, որ մենք չգիտենք՝ ի վերջո ե՞րբ է նշանակել որոշման հրապարակումը, և արդյո՞ք դատավորը ինչ-ինչ պատճառաբանությամբ որոշելու է էդ սահմանված ժակետն էլ, օրենքը ասում է՝ բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել, երկարաձգել այնպես, որ այլևս արդեն էս գործը մակագրված լինի նոր դատավորի, չեմ կարող ասել, բայց ամեն ինչ դրա մասին է հուշում», - հայտարարեց Սողոյանը:
Պաշտպանի խոսքով՝ առաջիկա օրերին գործը մեղադրական եզրակացությամբ առաջին ատյանի դատարան կուղարկեն: Թե երբ կմեկնարկի բուն դատավարությունը, դեռ հայտնի չէ: