Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունից հետո իրավապահները գիշերը Անդրանիկ Թևանյանին ձերբակալել էին: Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ պաշտպանյալին ձերբակալել են առանց բավարար ապացույցների: Պնդեց՝ չկան ոչ խափանման միջոց կիրառելու, ոչ էլ մեղադրանքի հիմքեր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։

Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլևս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական։

Քննչականը, սակայն, պնդում է՝ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ձերբակալվելուց առաջ Թևանյանը հերքել էր իրեն վերագրվող կասկածները, պնդել՝ նման կազմակերպության մասին լսած չկա:

Կալանքի հարցով նիստը դռնփակ է եղել և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին:

Մինչ այդ, իրավապահները չեն բացահայտել, թե 2024 թվականին Թևանյանն ո՞ւմ միջոցով ու կոնկրետ ի՞նչ տեղեկություններ է ստացել, որ փոխանցել է ռուսական կազմակերպությանը: Մեղադրանքը հաստատվելու դեպքում ընդդիմադիր գործչին սպառնում է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG