Հայաստանում բիզնես-պետություն հարաբերություններում անձնական, քաղաքական կապերն ու նախասիրությունները շարունակում են էական գործոն մնալ: Այս մասին են վկայում բիզնեսին տրված կառավարության արտոնությունները, պետական պատվերների պայմանագրերը, իշխող «Քաղաքացիական պայմանագրին» ֆինանսավորողների ցուցակը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների շրջանակը:
«Ազատությունն» ուսումնասիրել է վերջին տարիների կառավարության բազմաթիվ որոշումներ.
Արտոնությունների մասին
Շուրջ 1.1 միլիոն դոլար. վերջին երկու տարիներին կառավարությունն այսքան հարկային արտոնություն է տվել նախկին Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ու նրա հարազատներին պատկանող բիզնեսներին՝ նրանց ազատելով ներկրվող ապրանքի համար մաքսատուրքի վճարումներից:
Ամենաթարմն «Ալեքս տեքստիլի» օրինակն է, այս տարեվերջին գործադիրը որոշեց բավարարել ընկերության հայտն ու մեկ տարվա ընթացքում ազատել պետական բյուջե մոտ 290 հազար դոլար փոխանցելու պարտավորությունից: Հիմնավորումը շատ հակիրճ է՝ ընկերությունը խոստանում է 50 նոր աշխատատեղ ստեղծել: «Ալեքս տեքստիլի» տարեկան հաշվետվությունից, մինչդեռ, պարզ է դառնում՝ ընկերության հաստիքացուցակն, ընդհակառակը, կրճատվում է: 2023-ին 959 աշխատակից են ունեցել, 24-ին՝ 698: 2025-ին միտումը շարունակվել է, սեպտեմբերի տվյալներով 420 գրանցված աշխատակից են ունեցել:
Փաստացի կառավարությունը շուրջ 290 հազար դոլարի արտոնություն է տվել մի ընկերության, որը երկու տարվա ընթացքում ոչ թե ընդլայնել, այլ ավելի քան երկու անգամ կրճատել է աշխատակիցների թիվը: Գուցե գործադիրն այս տվյալներին պարզապես ծանոթ չի՞ եղել, այս տարբերակը, սակայն, բացառվում է, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն սևով սպիտակի վրա տեղեկացրել է կառավարությանը «Ալեքս տեքստիլի» վատթարացող վիճակագրության մասին: Ավելին՝ նույնիսկ մատնանշել, որ հայտը ներկայացնելիս ընկերության ստացած շահույթների մասին իրականությանը չհամապատասխանող թվեր է տրամադրել: Հարկային մարմինն այս դիտարկումները նոյեմբերին է ներկայացրել, գործադիրն ուղիղ մեկ ամիս ժամանակ է ունեցել մտափոխվելու համար, սակայն, դեկտեմբերի 11-ի նիստում վեր բարձրացան բոլորի ձեռքերը:
Թեև այսպիսի արտոնություններ տրվում են նաև հանրությանը քիչ ծանոթ բիզնեսմենների, սակայն, հայտնի հարուստների օգտին կայացվող որոշումները հարցեր են առաջացնում. դրանց հիմնավորումներում մեկ ընդհանրական նախադասություն է մշտապես կրկնվում. «Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»:
Ամռանը կառավարությունը որոշեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 3 տարի ժամկետով շուրջ 150 հազար դոլարի մաքսային արտոնություն տալ: Լուսինե Ալեքսանյանի ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված «Ռոսե Գարդենը» խոստացել է մինչ 2028 թվականը 50 աշխատատեղ ստեղծել՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով: Գեղարքունիքում ջերմոց պետք է հիմնեն ու վարդեր աճեցնեն: Արտառոցն այս դեպքում ընկերության նախապատմությունն է՝ արտոնության համար դիմելիս ընկերությունը միայն 1 աշխատակից է ունեցել ու ժամկետանց հարկային պարտավորություն.
Անձամբ Սամվել Ալեքսանյանի անունով գրանցված «Լ.Ա. պլաստ» ընկերությունը 2024-ին 451 հազար դոլարի մաքսատուրք վճարելու պարտավորությունից է ազատվել, այս ընկերությունը նույնպես, ըստ ՊԵԿ-ի, այդ ժամանակ ժամկետանց պարտավորություն է ունեցել:
Կառավարության որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պետությունից հաճախ շռայլ մաքսային արտոնություններ է ստանում նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը: Վերջին երեք տարվա ընթացքում ընդունված որոշումներով շշեր արտադրող «Սարանիստ» ընկերությանը թույլատրել են ընդհանուր 900 հազար դոլար չվճարել պետությանը, չնայած արտոնություններին այս ընկերությունը նույնպես վերջին տարիներին ոչ թե ընդլայնել, այլ կրճատել է աշխատակիցներին:
Այս ամռանը հայտ ներկայացնելիս «Սարանիստի» հասույթների մասին տեղեկատվությունն էլ չի համապատասխանել Պետական եկամուտների կոմիտեի ունեցած տվյալներին: Միմյանց ուղիղ հակասում են նաև Մելիք Մանուկյանի ընկերության տված խոստումները: 2024-ին 40 միլիոնի արտոնության դիմաց խոստացել են 40 նոր աշխատատեղ ստեղծել, ՊԵԿ-ի հաշվետվությունից երևում է, որ խոստումը չի կատարվել, սա, սակայն, չի խանգարել հաջորդ տարի շատ ավելի մեծ՝ 178 միլիոնի արտոնություն ստանալ՝ այդ դեպքում նոր աշխատատեղ բացելու համար: Այսինքն 15 նոր աշխատատեղ բացելու հեռանկարը պետության համար 570 հազար դոլար է արժեցել, իսկ սա նշանակում է, որ հենց այդքան չի փոխանցվի վարչապետի կողմից այդքան գովազդվող ընտանեկան բյուջե:
Նախկինում տարբեր թևեր ներկայացնող գործարարի ու գործող իշխանությունների հարաբերությունները վերջին տարիներին են լավացել: 2021-ին վարչապետ Փաշինյանն անձամբ էր այցելել նրա գործարան, վստահեցրել էր՝ պատրաստ են աջակցել: Այցից մեկ ամիս առաջ նախկին ԲՀԿ-ական պատգամավորը «Հրապարակի» հետ զրույցում չէր թաքցրել՝ սատարում է գործող իշխանություններին.
Հայաստանի ամենահարուստներից Բադալյանների ընտանիքը օնլայն խաղատների ոլորտում գերիշխող դիրք ունի, ընտանիքի բիզնես հաջողությունները արդեն միջազգային մասշտաբներ են ստացել: Բադալյաններն այժմ նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում: Նրանց հիմնադրած «ՎՌ Արմենիան ֆրութ» ընկերությունը 2024-ին դիմել է գործադիրին ու 285 հազար դոլար ընդհանուր վճարներից ազատվելու արտոնություն ստացել՝ սրա դիմաց խոստանալով հինգ տարում 18 նոր աշխատատեղ ստեղծել:
2024-ի ամռանը վարչապետ Փաշինյանը նաև Բադալյաններին է այցելել ու նրանց հետ շրջել այգիներում: Արտոնության համար դիմելիս ընկերությունն ընդհանրապես չի ներկայացրել նախորդ տարիների հասույթի ամբողջական տվյալները, իսկ 2023-ի թվերն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, չեն համընկել իրենց ունեցած տվյալներին:
Վիգեն Բադալյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, վերջինս այս հանգամանքը երբեք չի թաքցրել, սակայն, մշտապես վստահեցնում է, թե այդ կապն ընկերոջ բիզնես շահերին չի ծառայում: 2021-ին նրա, Բադալյանի, իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Էդուարդ Աղաջանյանի համատեղ հանգիստը հունական Միկոնոսում մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Հայաստանը ուշքի չէր եկել 44-օրյա պատերազմից, նրանք միասին զվարճանում ու ինքնամոռաց պարում էին ծովափին:
Այս ճոխ հանգստից 4 տարի անց արդեն՝ խաղային բիզնեսի հարկերը կրկնապատկելու նախագիծ հեղինակած ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ակնարկեց, որ կուսակցական վերնախավին դուր չի եկել իր նախաձեռնությունը, որն ի վերջո ընդունվել էր:
Արտոնություններ են ստանում նաև անձամբ իշխանավորների ընտանիքների ընկերությունները
2024-ի ապրիլին 56 միլիոն դրամի՝ 150 հազար դոլարի մաքսատուրք վճարելու պարտավորությունից ազատվեց «Հիտեքս պլաստիկ» ընկերությունը, որի 50 տոկոսը վարչապետ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի որդունն է՝ Սամվել Թումանյանինը: Սրա դիմաց խոստացել են երեք տարում ընդամենը երեք նոր աշխատատեղ ստեղծել, մինչդեռ այս ընկերության աշխատակիցների թիվը նույնպես, ըստ հարկային մարմնի, վերջին տարիներին, ընդհակառակը, նվազել է, կրճատվել են նաև աշխատավարձերը:
Եթե վարչապետի խորհրդականը քվեարկությանը չի մասնակցում, ապա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022-ին անձամբ կողմ քվեարկեց մի ընկերության օգտին, որի 33 տոկոսն իր ամուսնուն՝ Ստեփան Ավանեսյանին է պատկանում:
Չնայած ակնհայտ շահերի բախմանը, առողջապահության նախարարը համաձայնեց «Իբարի» ընկերությանը 140 հազար դոլարի մաքսային արտոնություն տալ՝ 5 տարում 27 նոր աշխատատեղ ստեղծելու խոստման դիմաց: Ընդ որում՝ այս դեպքում չի հրապարակվել նախագծի ամփոփաթերթը, որտեղ ներկայացվում են պետական մարմինների դիտողությունները:
Հարուստ գործարարներին փոխկապակցված ընկերությունների անունները՝ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների շարքում
Բիզնեսմենների անձնական կապերը, քաղաքական նախասիրություններն արտացոլվում են ոչ միայն պետությունից արտոնություններ ստացողների ցուցակում: Հարուստ գործարարներին փոխկապակցված ընկերությունների անունները հնարավոր է գտնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի առատաձեռն նվիրատուների շարքում:
10 միլիոն դրամ նախկին Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «Մոբայլ Սենթր» խանութների ցանցից, երկու անգամ 10-ական միլիոնի նվիրատվություն «Ջեմուկ գրուպից», որը նույնպես պարբերաբար արտոնություններ է ստանում և որի միակ բաժնետերը Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է: 2 միլիոն կառավարությունից արտոնություններ ստացած «Սան ֆուդից», նույնը կարելի է ասել այլ ընկերությունների մասին:
Առավել համարձակների ու իրենց քաղաքական նախապատվությունը չթաքցնողների անունները կարելի է գտնել նաև հենց իշխող «Քաղաքացիական պայմանագրին» ֆինանսավորողների ցուցակներում:
«Պրինտ Արմդենվեստ» ընկերության սեփականատեր Անդրանիկ Բախտավորյանը և արտոնություններ է ստանում, և իշխող կուսակցությանը գումար փոխանցում, և նվիրատվություն կատարում «Իմ քայլը» հիմնադրամի համար: «Ջերմուկ գրուպի» դեպքում պատմությունը կրկնվում է՝ մաքսային արտոնություն, նվիրատվություններ «Իմ քայլը» հիմնադրամին ու ընկերության գործադիր տնօրենի անունից փոխանցում «Քաղաքացիական պայմանագրին»:
Ամիսներ առաջ նաև Infocom-ի հետաքննությունն էլ պարզել էր՝ իշխող կուսակցությանը ֆինանսավորող անձանց փոխկապակցվող ընկերությունները միլիոնների պայմանագրեր են կնքում պետական տարբեր կառույցների հետ՝ այդ թվում ոչ մրցույթային՝ մեկ անձից գնման ընթացակարգով:
Փոխկապակցվածությունների այս շարքը կարելի է շարունակել, տվյալները ոչ միայն բիզնեսմենների անձնական ու քաղաքական կապերի մասին են վկայում, այլև լրացնում թվերով փաստարկվող եզրակացությունը, որ չնայած սոցիալական արդարության մասին ելույթներին Հայաստանի ամբողջ հարստության մի զգալի մասը շարունակում է կենտրոնացած մնալ մի փոքր խմբի ձեռքում:
15 ընտանիք տնօրինում է Հայաստանի տնտեսության առնվազն 16 տոկոսը
Շաբաթներ առաջ ուսումնասիրելով հարկային վիճակագրությունն «Ազատությունը» պարզել էր, որ 15 ընտանիք ամենահամեստ հաշվարկներով տնօրինում է Հայաստանի ամբողջ տնտեսության առնվազն 16 տոկոսը:
Ամենահարուստ ընտանիքներին պատկանող ընկերությունների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կարելի է նույնականացնել նաև պետական պատվերներ ստացողների ցանկերում:
Նման պայմանագրեր են կնքում և՛ Ալեքսանյանները, և՛ Ծառուկյանները, և՛ Սուքիասյանները, և՛ Քոչարյանները, և՛ Վարդանյաններն ու մյուսները:
2022-ին Ներքին գործերի նախարարությունը առանց մրցույթի 8.1 միլիոն դոլարի ոստիկանական մեքենաներ գնեց «Տոյոտա Երևան» ընկերությունից, որի բաժնեմասերի 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, 60 տոկոսը՝ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանինն է:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շքեղ, 90 միլիոն դրամ արժեցած BMW մակնիշի մեքենան 2021-ին առանց մրցույթի «Եվրոմոթորսից» էին գնել, որի 50 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է, 2024-ին պետական «Հայփոստը» դարձյալ առանց մրցույթի 220 հազար դոլարի բանկային ծառայություններ գնեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից», այս ցանկը նույնպես շարունակելի է:
Իսկ ինչպե՞ս է այս ամենն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման, մարդկանց կենսամակարդակի, վաճառվող ապրանքների ու ծառայությունների գների վրա:
Տնտեսագիտության օրենքներն են փաստում՝ այն ոլորտներում, որոնց հիմնական խաղացողներին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, թանկացումներն ավելի հավանական են, իսկ Հայաստանում բիզնեսմենները հակված են միջազգայինից էլ մեծ տեմպերով գները բարձրացնել:
Պաշտոնական թվերը վկայում են՝ տարբեր ոլորտների առյուծի բաժինն իրենց ձեռքում պահող գործարարները ուղղակի կամ անուղղակի արգելակում են Հայաստանի տնտեսական զարգացումը:
Գների մասին
Հայաստանում ամենապահանջված մթերքը հացն է: Իսկ ալյուր արտադրողների շարքում հսկան Սամվել Ալեքսանյանի «Բաղրամյանն է», որի հետ մրցակցել մյուսների մոտ ըստ էության չի ստացվում:
Ալեքսանյանի ընկերության ալյուրը վերջին ամիսներին թանկացել է, և սա այն դեպքում, երբ հացահատիկի միջազգային գները նվազում են ու գրեթե հասել են կորոնավիրուսի համավարակին նախորդած ցուցանիշներին:
Հայաստանցիներն այժմ ստիպված են հացի համար 3 տոկոսով ավելի շատ վճարել, քան մեկ տարի առաջ: Ե՛վ Վրաստանում, և՛ Ադրբեջանում հացն ավելի էժան է: Հայաստանը ցորեն հիմնականում Ռուսաստանից է գնում, վերջին ամիսներին այնտեղ գները կայուն են, իսկ Հայաստանում գնաճի նոր ալիք է սկսվել:
Բենզինի գներից վարորդների դժգոհությունները Հայաստանում երբեք չեն նվազում: Այս շուկան նույնպես ընդամենը մի քանի ընկերություն է վերահսկում: Խոշոր խաղացողներից «Սի Փի Էս Էներջի գրուպը» հանրությանն անծանոթ Աշոտ Սալազարյանին է պատկանում, «Ֆլեշ»-ի սեփականատերը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Բարսեղ Բեգլարյանն է, «Մեգա Թրեյդը» իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կոնցեռնի մաս է, «Մաքս Օիլ»-ի 100 տոկոս սեփականատերը նախկին «Հանրապետական» պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է՝ Էդգար Փամփուկյանը:
Հայաստանում այժմ բենզինն ավելի թանկ է վաճառվում, քան հարևան Վրաստանում: Հայաստանյան գների վայրիվերումները համադրելի չեն հիմնական մատակարար երկրի՝ Ռուսաստանում գների փոփոխությունների հետ: Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կայքի գրաֆիկը սա շատ պատկերավոր է ցույց տալիս. մեկ լիտրի համար 100 դրամից էլ մեծ տատանումներ կան Հայաստանում, մինչդեռ, Ռուսաստանում այս գիծը շատ ավելի դանդաղ տեմպերով է վեր ընթանում ու գրեթե ուղիղ է:
Այն, որ այս ընկերությունները հակամրցակցային քայլերի են դիմում, փաստում է նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: 2022-ից սկսած ավելի քան 2.5 տարի շարունակ նրանք, ըստ հանձնաժողովի, բենզինի գները ձայն ձայնի տված փոխել են, չնայած իրենց ծախսերի տարբերություններին: Գները բարձրացրել են նույնիսկ այն դեպքում, երբ ինքնարժեքն իրականում նվազել է: Այս գործողությունների համար կառույցը որոշել է բենզինի շուկայի խոշոր խաղացողներին տուգանել ընդհանուր 2.8 միլիոն դոլարով, իսկ թե այդ ընթացքում քաղաքացիները քանի միլիոն դոլար են կորցրել, հնարավոր չէ հաշվել:
Հաճախ կարելի է դժգոհություններ լսել նաև ապահովագրական ընկերությունների ծառայությունների թանկացումների վերաբերյալ, տարեց տարի թանկացող ԱՊՊԱ-ի հարցին ծանոթ են բոլոր վարորդները:
Այս շուկան, մեղմ ասած, ամենամրցակցայիններից չէ, այժմ Հայաստանում գործող 7 մասնավոր ընկերություններից 5-ն այս կամ այն կերպ կապված են նախկին ու ներկա իշխանականներին, նրանք կամ սեփականատերեր են, կամ էլ ղեկավար պաշտոններ են զբաղեցրել այդ ընկերություններում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչ պաշտոնում նշանակվելը 6 տարի «Արմենիա Ինշուրանս»-ի խորհրդի նախագահն է եղել, «ԷՖԵՍ»-ի 50 տոկոսը առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին է պատկանում, նա նաև «Ինգո Արմենիայի» համասեփականատերն է, «ՆԱԻՐԻ Ինշուրանսի» 60 տոկոսի սեփականատերը երկրորդ նախագահի որդին է՝ Լևոն Քոչարյանը: «ՍԻԼ Ինշուրանսն» էլ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին է:
Միջազգային գների հետ համեմատությունը այստեղ էլ նույն պատկերն է ցույց տալիս՝ Հայաստանում ապահովագրական ծառայությունները երկնիշ տեմպերով են թանկանում, աշխարհում, մինչդեռ, 2024-ից հետո դրանք էժանանում են: Բուն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում հայաստանյան գները շատ ավելի արագ են աճում, քանի աշխարհի շատ երկրներում:
Ինչպե՞ս է այս ամենի հետևանքով արգելակվում Հայաստանի տնտեսության զարգացումը
Պատասխանը կարելի է գտնել օրինակ Վիճակագրական կոմիտեի օտարերկրյա ներդրումների մասին տեղեկանքներում: Հայաստանի ներդրումային դաշտն ավելի գրավիչ դարձնելու հայտարարություններին զուգահեռ դրսից ներդրումների ընդհանուր ծավալն ու հոսքը նվազում են, իսկ այն շուկաները, որոնք մի քանի ընտանիքների ձեռքում են, արտասահմանցիներին առհասարակ չեն գրավում:
Ծխախոտի արտադրության ոլորտում 2025-ի առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը զրո է, հագուստի ոլորտում նույնպես, պատկերը նույնն է թղթի արտադրությունում, ցուցանիշները չեն փոխվում շահումով խաղերի շուկայում, չի առանձնանում հանրային սննդի ոլորտը: Շատ համեստ թվեր են սննդամթերքի ու խմիչքի արտադրությունում, սննդամթերքի շուկան այդ ժամանակահատվածում ընդամենը 156 միլիոն դրամի օտարերկրյա ուղղակի ներդրում է գրավել՝ կես միլիոն դոլարից էլ քիչ: Խմիչքները շուկայում թիվն ավելի փոքր է՝ 221 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները երկնիշ տեմպերով են նվազում: 2025-ի մարտին Հայաստանի տնտեսությունում ընդհանուր ծավալը գրեթե 890 միլիոն դոլարի էր հասնում, հունիսի վերջի դրությամբ թիվը փոքրացել է 143 միլիոն դոլարով: Այսինքն երեք ամսվա ընթացքում հայկական ընկերություններում օտար ներդրողներին պատկանող այդքան մասնաբաժիններ օտարվել են, նրանք դուրս են եկել շուկայից:
Այս բոլոր խնդիրների շատ հակիրճ նկարագրությունը կարելի է գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Հայաստանի ներդրումային դաշտի մասին ամենամյա զեկույցում: Վաշինգտոնն արձանագրում է՝ շուկայական մրցակցությունը ընդհանուր առմամբ բարելավվել է, բայց մի շարք ոլորտներում գերիշխում են փոքր թվով խաղացողներ:
«Օտարերկրյա ներդրողներին շարունակում է մտահոգել օրենքի գերակայության, հավասար մոտեցման թերություններն ու պետական պաշտոնյաների էթիկական պահվածքը»:
Պետական գնումների խնդիրները նույնպես չեն վրիպել Պետդեպարտամենտի ուշադրությունից, արձանագրել են՝ մեխանիզմները, որոնք պետք է հակազդեն շահերի բախմանը, ամբողջությամբ չեն կիրառվում. «Ըստ օտարերկրյա ներդրողների՝ գնումների պրակտիկան կարող է ամրապնդել պրոտեկցիոնիզմը, խոչընդոտել մրցակցությանն ու վնասել կառավարության՝ մասնավոր հատվածի աճը խթանողի իմիջը»:
Ի՞նչ անել
Միացյալ Նահանգների պետդեպն ընդգծում է՝ իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային դարձնեն:
«Համակարգային կոռուպցիա չկա», - չնայած վարչապետի այս հավաստիացմանը, ամերիկյան Պետդեպը ուղիղ ու բաց տեքստով պնդում է՝ Հայաստանում կոռուպցիան շարունակում է խոչընդոտ մնալ ներդրողների համար: