Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մեկ միասնական բևեռ կձևավորի՞. կարծիքներ


Քաղաքական ուժերից տարին առաջարկով է սկսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանն ընդդիմադիրներին առաջարկում է մեկ միասնական բևեռով մասնակցել համապետական ընտրություններին: Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի պայքարը ընդդիմադիրներին համախմբող մարտահրավեր է:

«Ըստ էության, ինքն այս գործողություններով նվեր է անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են՝ քաղաքականությունն ինչ է, և այլևս հարց է հռչակում որպես ընտրություններին սպասվող թիվ մեկ հարց», - նշում է նա։

Իշխող թիմի հետ նախկինում համագործակցած Մարուքյանը վստահ է՝ Փաշինյանի իշխանությունը տապալելու ողջամիտ ճանապարհը մեկ ուժեղ ու ընդլայնված դաշինքն է: Մարուքյանը, որ կտրուկ էր նախկին իշխանությունների հետ համագործակցելու հարցում, հիմա ահազանգում է՝ պետությունն ու հայ ժողովրդի ինքնությունը վտանգված են, պետք է վեր մնալ տարաձայնություններից ու միավորվել:

«Փաշինյանն ընտրություններից առաջ հռչակել էր քաղաքական թիվ մեկ թեմա, այդ թեման դարձրել է քաղաքական և ասում է՝ «Քաղաքական ընդդիմություն, հավաքվեք, եկեք ինձ հանեք»։ Հիմա հույսը ինչի՞ վրա է դրել, որ քաղաքական ընդդիմությունը, բոլորը չպետք է հասկանան այդ պրոցեսը և չփորձեն որևէ բան անել, որ իրեն հեռացնե՞ն ընտրությունների միջոցով։ Ինչի՞ վրա է հույսը դրել։ Մարդը սխալը արել է, մեծագույն, մեծ սխալը, քաղաքական սխալն է արել։ Մինչև հիմա ինչ անում էր՝ մեղք էր, սխալ էր։ Ինքն իր էլեկտորալ բազային հարվածում է և նաև կոնսոլիդացնում է հակառակ էլեկտորալ բազան», - հավելում է Մարուքյանը։

Ընդդիմադիրներից Մարուքյանին արձագանքում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը, որ ընդդիմադիր դաշտում պայքարի տասնամյակների փորձ ունի: Նա միասնական ցուցակը իրատեսական չի համարում:

«Իդեալական տարբերակ կլիներ, որ մեկ միասնական ընդդիմադիր բևեռ ձևավորվեր, բայց դա ես հնարավոր չեմ համարում Հայաստանում առկա օբյեկտիվ, սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։

Ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, ամեն դեպքում բուրգ չէ, որտեղ լինի միասնական կենտրոն, ինչ-որ ինստիտուցիոնալ կառավարմամբ բոլոր ընդդիմադիր սեգմենտները այդ կենտրոնին ենթարկվեն, այսինքն՝ իշխանության տրամաբանությունից և վերտիկալից շատ տարբեր է ընդդիմությունը։ Երկրորդը՝ որպեսզի նման բան լիներ, ընդդիմադիր դաշտում առնվազն մի գործիչ կամ լիդերների մի ինստիտուտ պիտի վարկանիշով մյուսներից պոկված լիներ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրսով և պոտենցիալով, մենք այդ երկրորդ գործոնն էլ չունենք», - ասաց նա։

Միասնական ընդդիմության թեզը գրավիչ է, բայց դա խմորել ու դարձնել նախընտրական օրակարգ, Սուրենյանցի կարծիքով, ճիշտ չէ, մարդկանց մոտ սպասումներ կձևավորվեն, ու ձախողվելու դեպքում, որ շատ հավանական է, մեծ հիասթափություն կլինի. «Ես տեսնում եմ, որ ձևավորվելու են ընդդիմադիր չորս-հինգ կոնսոլիդացիոն կենտրոններ, հիմա կոռեկտ էլ չէ, որ ես մյուսների անունները նշեմ, բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ այդ չորս-հինգ ուժերը երևում են: Իրենք կարևոր է, որ ներդաշնակ վարքագիծ ունենան, թե չէ միասնական ընդդիմություն որպես այդպիսին մեկ ցուցակ, մեկ լիդերով ձևավորվել չի կարող»։

Սուրենյանցը նախկինում համագործակցել է գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ: Այս անգամ Ծառուկյանն ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով: Հիմա էլ բանակցություններ կան, բայց Սուրենյանցն ասում է՝ դեռ վերջնական չէ՝ դաշինք կկազմեն, թե չէ, ու այդ հնարավոր դաշինքում էլ ինչ ուժեր կլինեն:

Դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին էլի ուժեր են խոսել, բայց մեկ միասնական ճակատի մասին առաջարկ չի եղել: Նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանն էլ դեռ չի հստակեցրել՝ ինչպես է մասնակցելու՝ դարձյալ իր գլխավորած «Հայաստան» դաշինքո՞վ, թե՞ ուրիշ ուժերի կմիանա:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություններին մասնակցելու մասին անգամ չի հայտարարել: Առաջին նախագահն իր առաջնորդած Կոնգրեսի ցուցակը չի գլխավորի: Լևոն Զուրաբյանն է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն, բայց այստեղ էլ այլ ուժերի հետ բանակցությունները շարունակվում են, ու դաշինքը չի բացառվում:

Նախորդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին միացած Դաշնակցությունն այս անգամ ի՞նչ է անելու, համաձա՞յն են, որ մեկ միանսական ցուցակով մասնակցեն. պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ որոշում դեռ չունեն:

Քաղաքական ուժերի հետ բանակցությունները շարունակում է նաև «Տաշիր գրուպի» սեփականտեր Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը՝ «Մեր ձևովը»: Նախկին նախագահների առաջնորդությանը դեմ են, բայց նրանց թիմակիցների, ինչպես իրենք են ձևակերպել, «մաքուր ձեռքերով» թեկնածուների հետ համագործակցությանը՝ ոչ: Ընտրություններին խոստանում են մասնակցել բոլորի համար ընդունելի առաջնորդով: Անունն էլ կասեն այս ամսվա ընթացքում:

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին: Այստեղ էլ դեռ քննարկումներ են:

Ընտրություններից մասնակցող ուժերից միայն իշխող ՔՊ-ի ծրագիրն է հստակ: Մասնակցելու են միայնակ ու Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Ընդդիմադիր թևում նախընտրական քննարկումները կակտիվանան հունվարի կեսից: Քաղաքական ուժերից այսօր հրաժարվում էին ավելի մանրամասն խոսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG