Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է Իրանի ևս երկու ղեկավարի սպանության մասին, Թեհրանը չի մեկնաբանում

Լրացված
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի (աջից), «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի (աջից), «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանի

Իրանի դեմ պատերազմի 18-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իսրայելական հարվածներից սպանվել են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին: Նախարարը, սակայն, պնդումը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել։

«Ռեժիմի առաջնորդները սպանվում են, իսկ նրանց կարողությունները՝ ոչնչացվում», - սոցցանցում գրել է Իսրայել Կացը՝ խոստանալով շարունակել թե՛ հարվածները, թե՛ Իրանի առաջնորդներին սպանելը:

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էլ հայտարարել է, թե «իրանցիներն ավելի անվտանգ են» առանց այս երկու պաշտոնյաների:

Իրանը դեռ չի մեկնաբանել լուրը, բայց պետական հեռուստատեսությունը ցուցադրել է այսօրվա ամսաթվով թվագրված ձեռագիր գրություն՝ պնդելով, որ դա Լարիջանիինն է: Նույն գրությունը հրապարակվել է նաև նրա X-ի էջում: Ազդեցիկ պաշտոնյան վերջին անգամ հանրությանը երևացել էր ուրբաթ՝ Թեհրանում անցկացված երթի ժամանակ:

Ըստ տարբեր աղբյուրների՝ վերջին շրջանում երկիրը ղեկավարում էր հենց 68-ամյա Ալի Լարիջանին, որն Իրանի ղեկավար կազմում կառավարման երկար փորձ ունի, առանցքային դեր է ունեցել Իրանի միջուկային քաղաքականության և ռազմավարական դիվանագիտության ձևավորման գործում և օգնել է մշակել երկրի ռազմավարությունը Իրանի դեմ այս պատերազմի պայմաններում։ Ղոլամռեզա Սոլեյմանին ևս փորձառու է, «Բասիջ»-ը ղեկավարում է 2019-ից:

Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը մինչ այդ հայտնել էր, որ հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային շտաբին, նաև «Բասիջ»-ի ենթակառուցվածքներին:

«Թեհրանի կենտրոնում հարվածել և ոչնչացրել ենք արբանյակային հարձակման հնարավորությունների զարգացման կենտրոն, որը սպառնալիք էր Իսրայելի և ողջ աշխարհի տիեզերական ակտիվների և արբանյակների համար», - հայտարարել է Դեֆրինը:

Իրանին զուգահեռ, Լիբանանում Իսրայելը շարունակել է ցամաքային գործողությունն ու ավիահարվածները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Բեյրութում: Կան զոհեր և վիրավորներ: Արևմուտքի կողմից ահաբեկչական շարժումը ևս պատասխան հարվածներ է հասցրել:

Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին՝ թիրախավորելով նաև կիբեռտեխնոլոգիական կենտրոններ ու զենքի արտադրության օբյեկտներ: Իրանի զինված ուժերի միասնական մարտական հրամանատարության շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասված է և փլուզման եզրին է: Նա նաև հատուկ դիմել է Դոնալդ Թրամփին:

«Պատերազմի արդյունքը չի կարող որոշվել թվիթերյան գրառումներով։ Այն որոշվում է ռազմի դաշտում, այն վայրում, որին դուք և ձեր ուժերը չեք համարձակվում մոտենալ ... Ավելի լավ է այս պատերազմն անվանել «Էպիկական վախ», ոչ թե «Էպիկական ցասում», - ասել է Էբրահիմ Զոլֆաղարին:

Իրանը նաև հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, Արաբական Միացյալ Էմիրությունների տրանսպորտային և նավթային ենթակառուցվածքներին, նաև Կատարին և Քուվեյթին:

Ռազմական այս գործողություններին ֆոնին ԱՄՆ նախագահն արևմտյան որոշ դաշնակիցների մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ մերժեցին նրա պահանջը՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ուղեկցելու նավթատարներին, որոնք հարձակման են ենթարկվում Իրանի կողմից:

Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակիցների մի մասը շատ ոգևորված են աջակցելու հարցում, մինչդեռ մյուսները, որոնց, ըստ նրա, ԱՄՆ-ն տարիներով օգնել է, այդքան էլ չէ:

«Նրանք պետք է ներգրավվեն ոգևորությամբ: Տարիներ շարունակ մենք պաշտպանել ենք այս երկրներին ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին։ Նա վախենում է ԱՄՆ-ից։ Եվրոպայից ընդհանրապես չի վախենում», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հորմուզի նեղուցը բաց պահելու համար պետք է դիվանագիտական ուղիներ գտնել, հայտարարել է Եվրամիության արտգործնախարարը: Կայա Կալլասն ասել է, որ կարող է կիրառվել նույն մոդելը, ինչ ռուս - ուկրաինական պատերազմի ընթացքում Սև ծովով հացահատիկի արտահանման համար:

«Եթե հիշում եք, Սև ծովում ևս հրթիռներ էին թռչում, ծանր մարտեր էին ընթանում։ Սակայն ՄԱԿ-ը կարողացավ բանակցել Սև ծովի շրջակա բոլոր երկրների հետ՝ հացահատիկը ծովով դուրս բերելու համար, որպեսզի Աֆրիկայում սով չլինի։ Այսպիսի մոդել կարող է կիրառվել նաև Հորմուզի նեղուցի դեպքում», - նշել է Կալլասը:

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը պետք է լքեն տարածաշրջանը, քանզի չեն նպաստում անվտանգության հաստատմանը: Ըստ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆի՝ անվտանգությունը պետք է հաստատեն տարածաշրջանի երկրները։

Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է, նավթի գինն էլ անցնում է 100 դոլարը մեկ բարելի դիմաց: : Իրաքը հայտարարել է, որ համաձայնության են եկել, որ Իրանը թույլատրի նեղուցով իր նավթատար նավերի անցումը:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ եթե պատերազմը շարունակվի մինչև հունիս, աշխարհում 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել:

Հորմուզում ստեղծված իրավիճակի համար Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին և Իսրայելին է մեղադրել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում Աբբաս Արաղչին ասել է՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նրանց գործողությունները և պահանջի դադարեցնել Իրանի դեմ «ռազմական ագրեսիան»:


XS
SM
MD
LG