Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել մի գործընթացի, որի նպատակն է Հորդանան գետի Արևմտյան ափի հողերը գրանցել որպես «պետական սեփականություն»։ Արաբական երկրներն իրենց մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ՝ դիտարկելով սա իբրև պաղեստինյան տարածքների նկատմամբ անեքսիայի արագացում։
Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ որոշումը հնարավորություն կտա «թափանցիկ և ամբողջական ձևով հստակեցնել սեփականության իրավունքները և լուծել իրավական վեճերը»։ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կատարը և Հորդանանը, սակայն, քննադատել են որոշումը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։
Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին չեղարկել որոշումը՝ այն բնութագրելով որպես լարվածության նոր սրում և իսրայելական վերահսկողության ընդլայնման հերթական քայլ։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում դեմ է արտահայտվել Արևմտյան ափի բռնակցմանը՝ նշելով, որ կայունությունը կարևոր է Իսրայելի անվտանգության համար, նա դեռևս բացահայտ չի քննադատել այս գործընթացը։