Մատչելիության հղումներ

Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ վերջին առաջարկին, Թրամփը համաձայնություն է ակնկալում հաջորդ շաբաթ

Լրացված

Իրանը դեռ չի պատասխանել հակամարտության կարգավորման ամերիկյան վերջին առաջարկին, վերջնական տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են, իրանական կիսապաշտոնական Mehr News-ին հայտնել է Թեհրանի բանակցային թիմին մոտ աղբյուրը, ում անունը չի նշվում։

Աղբյուրն ասել է, թե հաշվի առնելով Վաշինգտոնի նկատմամբ վստահության բացակայությունն ու այն, որ ԱՄՆ-ն նախկինում չի կատարել պայմանավորվածությունները, Թեհրանը զգուշորեն է քննարկում ամերիկյան առաջարկը: «Նախկին փորձը հաշվի առնելով՝ Իրանը ձգտում է շոշափելի և իրական օգուտ ստանալ», - նշել է աղբյուրը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հերքել էր իրանական լրատվամիջոցների հաղորդումը, թե Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով Իրանը դադարեցնում է երկխոսությունն ԱՄՆ-ի հետ: Դոնալդ Թրամփը սոցցանցում հավաստիացրել է՝ բանակցությունները «շատ արագ տեմպերով շարունակվում են»: ABC News-ին տված հարցազրույցում էլ Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե ակնկալում է Հորմուզի նեղուցը վերաբացելու և հրադադարը երկարաձգելու շուրջ Իրանի հետ համաձայնության գալ հաջորդ շաբաթվա ընթացքում։

«Իրանցիների համար հեշտ չէ։ Իրականում մեր տեսանկյունից էլ հեշտ չէ։ Բայց մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է … Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է … Ես դեռ պետք է մի քանի պայման էլ ապահովեմ», - հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ խոսել է Իսրայելի վարչապետի հետ և խնդրել է դուրս բերել զորքերը Լիբանանի հարավից ու չհարվածել Բեյրութին: Ամերիկյան Axios-ի տեղեկություններով՝ Թրամփը «հայհոյախառն» հեռախոսազրույցի ժամանակ քննադատել է Նեթանյահուին Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պլանների համար, նրան «խելագար» է անվանել և մեղադրել անշնորհակալ լինելու համար:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ խոսել է նաև «Հեզբոլա»-ի ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ նրա, «համաձայնել են դադարեցնել հարվածները» իսրայելական ուժերին։

Իսրայելի վարչապետն, իր հերթին. հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին զգուշացրել է՝ եթե «Հեզբոլա»-ն չդադարեցնի հարձակումներն Իսրայելի վրա, ապա կհարվածեն Բեյրութում նրանց թիրախներին։ «Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում՝ ըստ պլանի», - սոցցանցում գրել է Բենյամին Նեթանյահուն:

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ ասել է, որ Իսրայելի երկարաժամկետ նպատակը «Հեզբոլա»-ի զինաթափումն է, իսկ մինչ այդ մտադիր են Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից դուրս բերել Իրանի աջակցությունը վայելող խմբավորման զենք-զինամթերքը:

Ինչպեսև Նեթանյահուն խոստացել է, Իսրայելի բանակը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում: Կան զոհեր և վիրավորներ: Իսրայելցի զինվորների շրջանում ևս վիրավորներ կան:

Ու մինչ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ նիստ է գումարել Լիբանանում իրավիճակի վերաբերյալ: Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղաշինության հարցերով օգնականը հայտարարել է, որ Իսրայելի բանակի ներկայությունը Լիբանանում խախտում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը, հետևաբար իսրայելական ուժերը պետք է դուրս գան Լիբանանից:

«Այս զարգացումները վկայում են վտանգավոր և մտահոգիչ էսկալացիայի մասին, որն ուղղակիորեն խաթարում է ապրիլի 16-ին ԱՄՆ-ի հայտարարած հրադադարը և խարխլում իրավիճակի լիցքաթափման դիվանագիտական փխրուն ջանքերը», - ասել է Մարթա Ամա Ակյաա Պոբիին:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Ուոլցը «Հեզբոլա»-ին է մեղադրել Իրանի հրահանգով հակամարտությունը ձգձգելու բանակցություններում հնարավոր առաջընթացը խափանելու համար: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը Վասիլի Նեբենզյան էլ ասել է, թե Իսրայելը Լիբանանում գրեթե նույնությամբ կրկնում է Գազայի հատվածի սցենարը՝ գրավում է տարածքը, բնակչությանն էլ ստիպում դուրս գալ: ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանն, իր հերթին, ասել է, թե Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվել, սակայն դատապարտել է Լիբանանում ռազմական գործողությունների մասշտաբը:

«Ոչինչ չի կարող արդարացնել Լիբանանում Իսրայելի շարունակվող ռազմական գործողություններն ու դրանց մասշտաբը, հազարավոր քաղաքացիական անձանց մահերն ու վիրավորումները, բնակչության հարկադիր տեղահանումը կամ Լիբանանի օրեցօր խորացող օկուպացիան։ Սա Իսրայելի կողմից ռազմավարական լուրջ սխալ է», - հայտարարել է Ժերոմ Բոնաֆոնը:

Իրանի փոխարտգործնախարարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով հայտարարություններից անցնել Իսրայելի դեմ «պատժիչ և պարտավորեցնող որոշումներ ընդունելուն»։ Քազեմ Ղարիբաբադին ասել է, թե Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամը «սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և անպատժելիության հետևանքն է»: «Էժան և անարդյունավետ դատապարտումների միջոցով հնարավոր չէ պահպանել միջազգային իրավունքը», - սոցցանցում գրել է Ղարիբաբադին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG