Իրանցի Հոսեյն Սոտուդե-Գանին դիմում է Հայաստանի վարչապետին, պնդում է՝ վերջին օրերին հայաստանցի իրավապահները սկսել են իր ու համախոհների հանդեպ ճնշումներ բանեցնել, որ դադարեցնեն ցույցերն Իրանի իշխանություների դեմ:
«Նիկոլ ջան, ցավդ տանեմ, չգիտեմ՝ որտեղից են իրենք հրաման ստացել, բայց ամեն օր մեզ հետ են տանում, մենք իրավունք էինք ստացել, որ դեսպանատան մոտ հավաքվենք», - ասում է իրանցի Հոսեյն Սոտուդե-Գանին:
Պատմում է՝ իրավապահները խոչընդոտել են դեսպանատան մոտ երեկվա իրենց բողոքի ակցիան, որով հայրենի իշխանություններից պահանջում են դադարեցնել բռնություններն անցած տարեվերջից Իրանում փողոց դուրս եկած ցուցարարների նկատմամբ:
«Ասում է՝ ձեր գործն անօրինական է, բայց ես գիտեմ Հայաստանի օրենքով, պարոն Փաշինյանն էլ է ասել 2018 թվականից՝ ոչ մի շուխուր չկա, ոչ մեկին չենք խանգարում, դա անօրինական չի համարվում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հոսեյն Սոտուդե-Գանին:
Հայաստանում ապրող իրանցիներն արդեն երրորդ շաբաթն է՝ ամեն օր դեսպանատան մոտ ցույցի են գալիս, պատմում են.- «Գալիս ենք էստեղ, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում: Պարսկաստանում ամեն օր գալիս մարդ են տանում, հետո զանգում են ընտանիքին, ասում են գնա մարմինը ստացի»:
Անցած տարեվերջից սկսված ցույցերից հետո մինչ օրս Իրանի իշխանությունները սահմանափակում են ինտերնետի աշխատանքն ու կապն աշխարհի հետ։ Տեղից ստացվող կցկտուր տեղեկությունների ու իրավապաշտպան խմբերի տվյալներով, սակայն, անցած օրերի ցույցերի ընթացքում զոհվել է 20.000-30.000 մարդ: Այդ բռնությունների դեմ ցույցեր են աշխարհով մեկ: Երևանում, սակայն, իրանցիները դժգոհում են նաև հայաստանյան իրավապահների ճնշումներից.
«Մենք ավել-պակաս բան չէինք անում, հետո ոստիկանները սկսեցին ասել՝ դուք ճանապարհն եք փակում, գնացինք այգու մեջ»,- պատմում է ցուցարարներից մեկը:
Ներքին գործերի նախարարությունից պնդում են՝ ցույցն արգելելու որևէ գործողություն չեն ձեռնարկել: Պարզապես ապահովում են դեսպանության անվտանգությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը: Մինչ այդ իրանցի ցուցարարներն «Ազատությանը» պատմել էին նաև, որ իրենց ԱԱԾ են կանչում՝ հարցումների, ինչը ծառայությունից չէին հերքել:
«Մեզ այնպես են վերաբերվում, կարծես՝ տեռորիստ ենք». ՀՀ-ում ապրող իրանցի
Ճնշումների մասին ահազանգերն ի հայտ եկան, երբ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ուղիղ տեքստով հայտարարեց՝ «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար»:
Վարչապետ Փաշինյանը հերքել էր այդ տպավորությունը, միաժամանակ պնդել, թե Հայաստանում բոլորն ունեն ազատ կամարտահայտման իրավունք։ Չնայած այդ հավաստիացումներին՝ իրանցիները պնդում են՝ իրենց ոչ միայն հորդորում, այլև սպառնում են ցույցերից հեռու մնալ.
«Ասեց քեզ դեպորտ կանեմ, ասի՝ խնդիր չկա, բայց ես պետք է գնամ դեսպանտան մոտ կանգնեմ...մի հոգի, երկու հոգի չի մահացել...»,- ասում է ՀՀ-ում ապրող իրանցի Հոսեյն Սոտուդե-Գանին:
Ակցիաներից հետո Հոսեյնով ու ընկերներով սկսել են հետաքրքրվել ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև՝ Քննչականում: Երիտասարդը մի անգամ արդեն կանչվել է Քննչական կոմիտե, ասում է. «Չէին ուզում, որ ես գնամ հավաքին»:
Թե ի՞նչ գործի շրջանակում է իրանցին հրավիրվել Քննչական և ի՞նչ հիմքով են նման սպառնալիքներ հնչեցրել, Քննչական կոմիտեից խոստացան արձագանքել առաջիկա օրերին:
Իրանցի Հոսեյնն ասում է. «Ես հենց սահմանից անցնեմ, ինձ կգյուլլեն, ինձ հաստատ սպանելու են, որովհետև ինձ նամակներ են գրել»:
Թեև Երևանի քաղաքապետարանն արտոնել է իրանցիներին մինչև փետրվարի 4-ը դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա անցկացնել, իրանցիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօր էլ ոստիկանները չեն թողել կանգնել դեսպանատան շենքի առջև։