Մատչելիության հղումներ

Իրանում ինտերնետն արգելափակված է մնում. ցույցերի ժամանակ սպանվածների թիվը «կարող է գերազանցել 30 հազարը»


Իրան - Հունվարի 8-ի բողոքի ցույցը Թեհրանում
Իրան - Հունվարի 8-ի բողոքի ցույցը Թեհրանում

Իրանի տարածքում ինտերնետի արգելափակումը հիմնականում պահպանվում է, մինչ բողոքի վերջին ցույցերի ընթացքում սպանվածների թիվը, համաձայն ստացվող հաղորդումների, շարունակում է աճել: TIME հանդեսի այսօրվա հրապարակման համաձայն՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:

Թվային իրավունքների խնդիրներով զբաղվող NetBlocks կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Իրանում ինտերնետն անջատված է արդեն 400 ժամից ավելի՝ հավելելով, թե կարճատև միացումները կարող են կապի վերականգնման կեղծ տպավորություն ստեղծել: Ըստ NetBlocks-ի՝ արգելափակումը շրջանցող գործիքների, այդ թվում VPN-ի օգտագործումը սահմանափակ առցանց հաղորդակցության հնարավորություն է ընձեռում:

Իրավապաշտպան կազմակերպությունները շեշտում են, որ ինտերնետի անջատումը խոչընդոտում է ցուցարարների կազմակերպվելու հնարավորությունը և սահմանափակում տեղեկատվության հոսքը, ինչը դժվարացնում է զոհերի թվի անկախ ճշտումը:

ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ զոհերի հաստատված թիվն այժմ 5 հազար 459 է, իսկ դեռևս ճշտվող դեպքերի թիվը 17 հազար 31 է:

TIME-ի այսօր հրապարակած տվյալը մոտ տասն անգամ գերազանցում է Իրանի Գերագույն ազգային խորհրդի հայտարարած պաշտոնական տվյալը՝ 3 հազար 117 զոհ, սակայն մոտ է միջազգային գնահատականներին:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի զեկուցող Մայ Սատոն, մասնավորապես, հունվարի 22-ին հայտարարել է, որ Իրանում սպանված քաղաքացիական անձանց թիվը կարող է անցնել 20 հազարից:

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն էլ սպանությունները Իրանում նկարագրել է որպես «աննախադեպ աստիճանի»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG