Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքում է Իրանի դեսպանին. Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա


Հայաստան - Իրանցիների ցույցը Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, 12-ը հունվարի, 2026թ.
Հայաստան - Իրանցիների ցույցը Երևանում Իրանի դեսպանատան դիմաց, 12-ը հունվարի, 2026թ.

Հայաստանի կառավարությունը հաստատում է՝ Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ զինված գործողությունների հետևանքով հայեր են սպանվել: Սփյուռքի հարցերով հանձնակատարն այսօր պաշտոնապես երկու զոհի մասին հայտարարեց, մինչդեռ անցնող օրերին Իրանից Հայաստան եկած հայերը մի քանի անգամ հայտնել են ավելի մեծ թվով՝ 6-ից մինչև 12 զոհի մասին:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ երեկվա դրությամբ անգամ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապ հաստատել չէին կարողանում, հարևան երկրում ինտերնետը դեռ անջատված է:

«Համայնքի հետ կապի մեջ ենք զուտ թռիչքների շնորհիվ, եկող մարդկանց շնորհիվ, անմիջական կապ չունենք: Պատկերացրեք՝ նույնիսկ դեսպանատան հետ երեկվա դրությամբ կապ չունեինք», - «Ազատությանն» ասաց Սինանյանը:

Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիների մի քանի ցույցերից հետո կտրուկ սրվեց Հայաստանի մասին պաշտոնական Թեհրանի խոսույթը, նախօրեին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին բաց տեքստով հայտարարեց՝ տպավորություն ունեն, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում:

«Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար», - ասաց դեսպանը:

Երևանն արձագանքեց ամենաբարձր մակարդակով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հավաստիացրեց՝ Հայաստանն Իրանի համար սպառնալիք չի դառնա:

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից», - ընդգծեց վարչապետը:

Դեսպանը վրդովված է իրենց դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջև շարունակվող բողոքի ակցիաներից, Շիրղոլամին Հայաստանի իշխանություններին ըստ էության մեղադրում է այդ ցույցերը չարգելելու համար:

Փաշինյանը պատասխանում է՝ Երևանն այդպիսի պրակտիկա չունի:

Երևանյան ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր էին հնչեցնում:

«Երեկոն ժամը 6-ից մինչև 9-ն ականատեսն ենք լինում, որ մի խումբ հավաքվում է Իրանի դեսպանատան դիմաց, շատ անհարգալից, վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս: Չնայած որ մենք շարունակաբար բողոք ենք հնչեցնում, այս գործընթացը շարունակվում է», - ասում էր դեսպան Շիրղոլամին:

«Հայաստանում, ընդհանրապես, 2018-ից էս կողմ Հայաստանում երբեք, ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի արտաքին քաղաքականության ու ընդունած որոշումների վերաբերյալ մտահոգություններ Թեհրանից պարբերաբար են հնչում. մի կողմից՝ պաշտոնապես հայտարարում են, որ հայ-ամերիկյան TRIPP ծրագրի շուրջ Երևանի հավաստիացումներին վստահում են, մյուս կողմից՝ կարծիք հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս նախագիծը կարող է իր անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործել:

Իրանում զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկից հետո երկու երկրների հարաբերություններն ավելի են սրվել. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է միջամտել՝ չբացառելով նույնիսկ ռազմական գործողությունները, Թեհրանն էլ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին է մեղադրում այս ցույցերը կազմակերպելու համար:

«Մենք անընդհատ կապի մեջ ենք և պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են», - այսօր վստահեցրեց Հայաստանի վարչապետը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ, անցկացվող ցույցերի վերաբերյալ դժգոհություն հայտնելով՝ Իրանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, և հենց դիվանագետի քայլն է մտահոգիչ:

«Հայաստանն, այնուամենայնիվ, ժողովրդավարական երկիր է, և հավաքների ազատությունը հնարավոր չէ խախտել աշխարհաքաղաքական նկրտումներով; Իրականում այստեղ ավելի շատ մտահոգություն է առաջացնում հենց դեսպանի հայտարարությունը, որը կարծես թե փորձում է Հայաստանի ներքին գործերին միջամտել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետը հիշեցնում է՝ նախորդ ամռանը Երևանը պաշտոնապես դատապարտեց Իսրայելի հարձակումն Իրանի վրա, և այժմ անհասկանալի է, թե ինչ սպասելիքներ ունի Թեհրանը Երևանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG