ՀՀ ներքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությանը դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաների վերաբերյալ: ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ, ասված է նախարարության հայտարարության մեջ:
ՆԳՆ-ն ընդգծել է, որ բոլոր հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման։
Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, ասել էր, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն: Ըստ դեսպանի՝ եթե «թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»:
ՆԳՆ-ն շեշտել է, որ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական պետություն, պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը:
Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում: