Իրանի արտգործնախարարը Al Jazeera-ին ասել է, որ երկիրը «սկսել է սահմանադրական գործընթաց, և այսօր ստեղծվել է Անցումային խորհուրդ, որը կաշխատի գործերի կառավարման ուղղությամբ»։ Խորհուրդը կազմված է նախագահից, դատական համակարգի ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբաններից մեկից։
Այս երեք հոգանոց խումբը կղեկավարի երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։ Իսկ հետո տեղի կունենա Փորձագետների ժողովի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, որը, թերևս, կարճ ժամանակ կպահանջի, գուցե մեկ կամ երկու օրից նրանք երկրի նոր առաջնորդ կընտրեն, ասել է նա։
«Դուք կարող եք ականատեսը լինել գերագույն առաջնորդի ընտրության մեկ օրից կամ երկու»,- ասել է նա։
Արտգործնախարարն ընդգծել է՝ Իրանը որևէ սահմանափակում չունի ինքն իրեն պաշտպանելու հարցում:
Գերագույն առաջնորդի սպանությունը «շատ լուրջ և աննախադեպ գործողություն է և միջազգային իրավունքի կոպիտ խախտում», հավելել է Իրանի գլխավոր դիվանագետը՝ շեշտելով, որ Խամենեի սպանությունը առճակատումն ավելի բարդ և վտանգավոր կդարձնի, այն սրում է միջազգային հակամարտությունը և խախտում է օրենքը:
«Սա բացարձակապես աննախադեպ է և միջազգային իրավունքի լուրջ խախտում, որ մեկ այլ երկրի առաջնորդը սպանվի օտարերկրյա ուժերի կողմից։ Դա այս հակամարտությունը՝ ամերիկացիների կողմից մեր դեմ սկսված այս ագրեսիվ պատերազմը, կդարձնի ավելի վտանգավոր և ավելի բարդ, և, հնարավոր է, դրան նոր ասպեկտներ հաղորդի»,- ասել է Աբբաս Արաղչին։
«Ինչպես գիտեք, այաթոլլահ Խամենեին ոչ միայն Իրանի քաղաքական առաջնորդն էր, այլև բարձրաստիճան կրոնական առաջնորդ միլիոնավոր մուսուլմանների համար, նույնիսկ Իրանից դուրս, ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Արաղչին։
Իրանցի պաշտոնյան ասել է, որ դրա վկայությունն են բողոքի ցույցերը ոչ միայն Իրանի քաղաքներում, այլև Իրաքում, Պակիստանում և մի շարք այլ վայրերում։ «Ինձ համար շատ ցավալի էր տեսնել, որ այդ ցուցարարներից մի քանիսի վրա կրակեցին և սպանեցին Կարաչիում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության անվտանգության աշխատակիցները»,- ասել է նա։