Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «շարունակելու ենք մեր գերագույն առաջնորդի հետքերով գնալ»։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն ուժեղ հարվածներ հասցնել, «կշարունակեն ոչնչացնել իրենց թշնամիների ռազմական բազաները», ասել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է՝ հեղափոխության առաջնորդի նահատակությունը տարիների զոհողությունների գագաթնակետն էր:
Նա հայտարարել է, որ Իրանի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը, որի անդամ է ինքը, սկսել է իր աշխատանքները։
Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին ավելի վաղ նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ՝ որպես գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող:
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը: Հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահը:
Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում: