Ռուսական օդային հարվածների հետևանքով այսօր Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Դնեպրում և Խարկովում, առնվազն 11 մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան100-ը, հայտնել են իշխանությունները։
Շրջանային ղեկավար Ալեքսանդր Հանժայի փոխանցմամբ՝ ռուսները հարավարևելյան Դնեպր քաղաքը ենթարկել են հրթիռային և դրոնային հարձակման, յոթ մարդ է զոհվել, վիրավորվել 36-ը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոմեքենաներ, խաղահրապարակներ։
Մայրաքաղաքում առնվազն չորս զոհ և 65 վիրավոր կան, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ 24 հարկանի բազմաբնակարան շենքի ենթադրյալ հրթիռակոծության պատճառով այն փլուզվել է։ Հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։
Հյուսիսարևելյան Խարկովում դրոնային հարձակման հետևանքով 10 մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ երեխա, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
«Ռուսական հարվածների վերաբերյալ հետախուզական տվյալները մնում են ուժի մեջ։ Հնարավոր է խոշոր հարված։ Իրենք դա նախապատրաստել են», - երեկվա ուղերձում ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վստահեցնելով, որ բանակը դրան պատրաստ է։
Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ խոցել կամ վնասազերծել է գիշերը Ռուսաստանի արձակած 656 ԱԹՍ-ից 602-ը և 73 հրթիռից 40-ը։ Ըստ Կիևի՝ ռուսական ուժերը «Ցիրկոն» տեսակի գերձայնային ութ հրթիռ են գործադրել։
Անցյալ շաբաթ Մոսկվան նախազգուշացրել էր, որ մտադիր է «համակարգված հարվածներ» հասցնել Կիևի ռազմական թիրախներին՝ օտարերկրացիներին կոչ անելով հեռանալ։
Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդի շրջանում առանձնատանը հասցված ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից 11 տարեկան երեխա է վիրավորվել։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում են, որ գիշերվա ընթացքում երկրի զինուժը 148 ուկրաինական անօդաչու է խոցել։