Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է պնդումները, թե Բելառուսը կարող է ներքաշվել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, միևնույն ժամանակ ընդգծել, որ ագրեսիայի պարագայում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ կպաշտպանեն իրենց, հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալությունը։
«Ինչ վերաբերում է [Զելենսկիի] հայտարարություններին, թե Բելառուսը կներքաշվի պատերազմի մեջ, ինչպես ես արդեն ասացի, դա մեկ դեպքում տեղի կունենա․ եթե մեր տարածքի հանդեպ ագրեսիա իրականացվի», - ասել է Լուկաշենկոն՝ հավելելով․ - «Միասնաբար կպաշտպանենք մեր հայրենիքը՝ այնտեղ, որտեղ տեղակայված են մեր երկու երկրները»։
Ըստ գործակալության՝ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որը բազմիցս ակնարկել է, որ Բելառուսը կարող է ավելի լայն ներգրավում ունենալ ավելի քան չորս տարի ձգվող հակամարտության մեջ։
Բելառուսի առաջնորդի խոսքով՝ եթե Զելենսկին «ցանկանում է որևէ բանի մասին խոսել, քննարկում ունենալ կամ գուցե այլ բան, մենք միանգամայն բաց ենք դրա համար։ Ցանկացած վայրում՝ Ուկրաինա, Բելառուս, ես պատրաստ եմ հանդիպել նրան և քննարկել մեր հարաբերություններում առկա խնդիրները»։
Լուկաշենկոն այս հայտարարություններն արել է Ռուսաստանի հետ համատեղ անցկացվող զորավարժանքների ընթացքում, որին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հետևում էին տեսակապի միջոցով։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Բելառուսը «ուղիղ պատասխանատվություն են կրում» ԵՄ երկրներում անօդաչու թռչող սարքերի ներխուժման մի շարք դեպքերի համար:
Հայտարարությունը հնչել էր Լիտվայում անօդաչու թռչող սարքերի մասին ահազանգից հետո։
2022-ի փետրվարին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման համար Բելառուսը Ռուսաստանին թույլ էր տվել օգտագործել իր տարածքը։
Երեկոյան ուղերձում նախագահ Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանը «մեծ ցանկություն ունի Բելառուսը ավելի խորը ներքաշել այս պատերազմի մեջ»։ Նախագահը հավաստիացրել է, որ Ուկրաինան ունակ է ամրապնդել իր պաշտպանությունը՝ կանխարգելիչ գործողությունների համար։