BBC-ի ռուսական ծառայությունը, Mediazona նախագիծն ու կամավորների թիմը Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանի կողմից կռված ու զոհված 223,539 ռուս զինծառայողի անուն են հաստատել։
Ցանկը կազմվել է մահախոսականների, գերեզմանատներից և պատերազմական հուշարձաններից վերցված լուսանկարների, ինչպես նաև կառավարական բաց աղբյուրներից վերցված տվյալների վերլուծության հիման վրա։
Ինչպես նախկինում, զոհվածների ամենամեծ մասը կամավորներ են՝ 82,224 մարդ, որին հաջորդում են անհայտ կորած մարտիկները՝ 48,177, պայմանագրային զինծառայողները՝ 45,923, գերիները՝ 25,367, և զորահավաքների ժամանակ զորակոչվածները՝ 18,955։
Այս հաշվարկում ներառված չեն մինչև 2023-ը Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական չճանաչված հանրապետություններում կազմավորումների զոհերը։ 2023-ի հունվարից նրանք դասակարգվել են որպես ռուսական ստորաբաժանումներում կռվող օտարերկրացիներ։ Ավելին, հաշվարկում չեն ներառվում Հյուսիսային Կորեայից զոհվածները։
Ռուսաստանի ժառանգության գործերի ռեեստրի վերլուծությունը ցույց է տվել, որ 2022-ի փետրվարից մինչև 2025-ի վերջը, հնարավոր է, մահացած լինի մոտ 352,000 ռուս զինծառայող, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Եթե հաշվի առնվի օտարերկրյա քաղաքացիների կորուստները, ռուսական կողմից զոհվածների ընդհանուր թիվը կարող է կազմել 367,000-ից մինչև 523,000։
Ռազմագերիների հետ վարվելակերպի Ուկրաինայի համակարգող շտաբի տվյալներով՝ 2026-ի մարտի 30-ի դրությամբ Ռուսաստանի բանակ է զորակոչվել ավելի քան 27,000 օտարերկրացի 135 երկրից։
Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության կենտրոնակայանի (GCHQ) տնօրեն Անն Քիսթ-Բաթլերը օրերս հայտնել էր, որ 2022-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր շուրջ 500 հազար ռուս զինծառայող է զոհվել:
«Քանի դեռ մենք անսասան ենք Ուկրաինային մեր աջակցության մեջ, Պուտինը մարտի դաշտում հետընթաց է ապրում. նոր հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ հակամարտության սկզբից ի վեր գրեթե կես միլիոն ռուս զինվոր է սպանվել», - հայտարարել էր նա:
Քիսթ-Բաթլերը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի կառավարության պնդումները, ըստ որոնց՝ Ռուսաստանն «անխնա թիրախավորում է կարևոր ենթակառուցվածքները, ժողովրդավարական գործընթացները, մատակարարման շղթաները և հանրային վստահությունը» թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ամբողջ Եվրոպայում։
Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ուկրաինան մանրամասն տվյալներ չեն հանրայնացնում պատերազմում զոհված զինծառայողների թվերի մասին։