Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է, որ Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն, «կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ»։
«Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը», - հայտարարում է կուսակցությունը։
Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, թե ինքը որևէ խախտում թույլ չի տվել, նման դիմում ներկայացնելն էլ «Լուսավոր»-ի իրավունքն է:
«Դիմել են, լավ են արել, իրենց իրավունքն է, ես խախտում չեմ կատարել, իրենց վերաբերյալ քարոզչություն կամ հակաքարոզչություն չեմ արել, նախապատվելի դիրքորոշում չեմ հայտնել», - ասաց Իոաննիսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ արդեն ստացել են ԼՀԿ դիմումը, և օրենքով սահմանված կարգով դրան ընթացք կտրվի, հնգօրյա ժամկետում պատասխան կտրվի կուսակցությանը: