մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոսին առնչվող գործի քննությունը
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործի քննությունը:
Դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը նիստին ներկա չէր:
Դատախազ Արմեն Մաթևոսյանը պարզաբանեց, որ Կճոյանը հողամասի կառուցապատման թույլտվությունը ստացել է դեռևս 13 տարի առաջ՝ 2012 թվականին։
Խոսքը Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում Երևանի սեփականությունը համարվող հողամասի մասին է: Իրենք քաղաքապետարանից տեղեկություն են ստացել, որ այս տարվա օգոստոսի դրությամբ այդ տարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքապետարանից նաև հայտնել են դատախազությանը, որ այդ հասցեի վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ չկան:
«Այսպիսով՝ Գլխավոր դատախազությունը, որպես հայցվոր, Սուրբ Աբգար թագավորի փողոց 77/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցապատում իրականացրած չլինելու փաստի մասին հաստատապես իմացել է իրավասու մարմնին հասցեագրած հարցման պատասխանը ստանալու պահից, այն է՝ 2025 թվականի օգոստոսի 21-ից», - դատարանում հայտարարեց դատախազ Մաթևոսյանն ու դատարանին խնդրեց մերժել Կճոյանի փաստաբանների միջնորդությունը:
Նրանք խնդրում են փակել այս գործը վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:
Նիստը հետաձգվեց, քանի որ Կճոյանի նոր փաստաբանը՝ Վարազդատ Ասատրյանը, հայտնեց, որ գործի նյութերին ծանոթ չէ, իրեն ժամանակ է հարկավոր:
Կճոյանի այս գործը «Դատալեքսում» փակ է
Ուշագրավ է հետևյալ հանգամանքը. Կճոյանի այս գործը դատական տեղեկատվական համակարգում՝ «Դատալեքսում» փակ է, նշված է՝ «ինֆորմացիան սահմանափակված է»: Սա այն դեպքում, երբ օրեր առաջ գործը բաց էր, հնարավոր էր մուտք գործել համակարգ, ծանոթանալ մանրամասներին:
Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործը փակել են հենց Կճոյանի դիմումի հիման վրա:
«Ի պատասխան Ձեր հարցի՝ նշենք, որ Դատական դեպարտամենտը՝ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի առաջին մասի, Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի և ԲԴԽ որոշման հիմքով բավարարել է Սամվել Ռուբենի Կճոյանի դիմումը, որի համաձայն նա խնդրել է սահմանափակել Հակակոռուպցիոն դատարանում առկա՝ իր վերաբերյալ քաղաքացիական գործի հասանելիությունը datalex.am տեղեկատվական հարթակում։ Դատական գործի հասանելիությանը վերաբերող և դատական գործի վիճակագրական էլեկտրոնային քարտի հասանելիության սահմանափակումն իրականացվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ։ Նշենք նաև, որ Դատական դեպարտամենտը 2018 թվականից ի վեր բազմաթիվ նմանօրինակ դիմումներ է ստացել դատավարության կողմերից, որոնց ընթացք է տրվել, ընթացք չի տրվում միայն դատավարության կողմ չհանդիսացող անձանց դիմումներին»:
Ըստ դատական դեպարտամենտի, հատկապես քաղաքացիական գործերով կողմերը կարող են դիմել իրենց, խնդրել փակել իրենց անձնական տվյալները: Դեպարտամենտը, ստացվում է, ոչ միայն անձնական տվյալներն է փակում, այլ՝ ողջ գործը:
Ընդ որում՝ գործի քննությունը դռնբաց է, այսինքն՝ այդ անձնական տվյալները այսպես, թե այնպես, հրապարակվելու են:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:
Նավասարդ Կճոյանը կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած ու Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող տասը արքեպիսկոպոսներից մեկն է: Նա վարչապետի հետ մասնակցում է կիրակնօրյա պատարագներին, որոնց ընթացքում զեղչվում է Վեհափառի անունը:
Մայր Աթոռը դատապարտել է կաթողիկոսի, ինչպես նաև թեմակալ առաջնորդների անունների զեղչումը՝ դա կանոնական խախտում համարելով: