Մատչելիության հղումներ

Արդարացի ազատումնե՞ր, թե՞ քաղաքական հաշվեհարդար

Լիլիթ Ղազարյանը և Հայաստան Հակոբյանը
Լիլիթ Ղազարյանը և Հայաստան Հակոբյանը

Առողջապահության նախարարը Դեղերի փորձագիտական կենտրոնի կրճատված փոխտնօրենին դատարանի դուռն է ցույց տալիս:

«Տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով: Մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը: Դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ, կամ ինչ որոշի», - այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կենտրոնի 30 տարվա աշխատակից, իսկ վերջին 22 տարին կառույցի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանն առանց Ավանեսյանի հուշման էլ ազատման լուրն ստանալուն պես որոշել էր, որ դատարան է դիմելու. «Ես կփորձեմ այլ աշխատանք գտնել ինձ համար: Դատական հայցի ամբողջ իմաստը կայանում է զուտ արդարության բացահայտում», - ասել էր Ղազարյանը:

Նախկին փոխտնօրենը վստահ է՝ իրեն գործից ազատելը նախարար Ավանեսյանի ցուցումն էր, պատճառը քաղաքական է. եղբայրը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է: Պնդում է՝ կենտրոնի տնօրենը կանչել ու հասկացրել է, որ իր ուզելով չէ, ստիպված է փոխտնօրենին դիմում պարտադրում. «Ասվել է, որ Դուք պետք է հեռանաք: Ես 57 տարեկան եմ, չեմ կարող բաներ ասել, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում»,- պատմում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի նախկին փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:

Առողջապահության նախարարն անիմաստ մանիպուլյացիա է համարում այս ամենը. «Եթե տիկին Ղազարյանին կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի և կիրականացնեի 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, և այլն, և այլն»,- հայտարարում է Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ փորձագիտական կենտրոնում կառուցվածքային փոփոխություններ են եղել և դրանք շարունակվում են. փոխտնօրենի հաստիքի կրճատումն այդ ռեֆորմի շրջանակում է: Լիլիթ Ղազարյանը հակադարձում է՝ ռեֆորմն ավարտվել է երկու տարի առաջ, այս հունվարին իրենց հաստիքացուցակը երկու փոխտնօրենով հաստատել է նախարարը, եթե իր հաստիքը պիտի կրճատվեր, ինչո՞ւ էին ընտրության հենց հաջորդ օրն իրեն հորդորում դիմում գրել. «Չգիտեմ ինչու իրենք մտածում էին, որ ես կենթարկվեմ հրահանգին և դիմում կգրեմ», - նշում է Ղազարյանը:

Նախարար Ավանեսյանը չի հերքում, որ իր ցուցումն է, հերքում է, որ որոշումը քաղաքական է:

Դեղ ներմուծող ու դեղատնային ընկերությունների ներկայացուցիչներից էինք լսել, որ Ղազարյանը փորձառու ու պրոֆեսիոնալ եզակի մասնագետ է: Նախարարը նրանց առաջարկում է կրճատված փոխտնօրենին գործի ընդունել: Կենտրոնի աշխատակիցներից մեկին «Ազատություն»-ը հարցրեց՝ տնօրենի այս որոշումն ինչպե՞ս են ընդունել, պատասխանեցին.- «Նորմալ, ինչպես ղեկավարությունը որոշի»:

Առաջիկայում դատարանների առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկն է՛լ ավելի է խտանալու: Երեկ էլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպիչ, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանն է գործից ազատվել ու այսօր արդեն տեղեկացրեց, որ դատարան է դիմել.

«Ես ազատված եմ և մտածում եմ, որ սա իմ քաղաքական հայացքների համար է, և տնօրենը պատվեր է կատարում»,- ասում է ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածուն:

Օրեր առաջ է քոլեջի տնօրենը կանչել ու բացատրագիր է պահանջել մի քանի հարցերի շուրջ՝ արձակուրդի ժամանակ մտել է քոլեջ ու քարոզ արել, էքսկուրսիա է տարել ուսանողներին՝ առանց թույլտվության, և այդ էքսկուրսիայի վայրից էլ վիդեո է հրապարակել, որը տնօրենը խտրական է համարել:

Հայաստան Հակոբյանը պատմում է. «Ուսանողներից մեկը, որ ինձ շատ սիրում է, ասում է՝ «դե նախանձեք, տեսնո՞ւմ եք՝ մեր սիրելի ընկեր Հակոբյանը մեզ հետ է»: Ընդամենն այդ նախանձել բառն, ասում է, խտրականություն է»:

Քոլեջի արդեն նախկին կազմակերպիչն ու դասախոսը բացատրագիր ներկայացրել է, հերքել բոլոր մեղադրանքները, շեշտում է. - «Ես ինքս՝ լինելով պատգամավորի թեկնածու, քաջ գիտակցում եմ, որ ուսումնական հաստատությունում քարոզ անել չի կարելի»:

Քոլեջի տնօրենը պնդում է՝ իր նախկին տեղակալն անթույլատրելի արարքներ է գործել, արձակուրդի ժամանակ քոլեջ է մտել քաղաքական քարոզ արել.

«Ինքը մուտք է գործել քոլեջ և ուսանողների հետ հանդիպումների շրջանակում որոշակի հայտարարություններ է արել, որը կարող է նաև քարոզչական նկատառումներ ունենա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը: Հարցին, թե կարո՞ղ է, թե՞ ունեցել է, տնօրենը պատասխանեց.- «Նայած՝ հարցը ոնց կմեկնաբանեն»:

Ըստ տնօրենի՝ ինքը չի կարող հանդուրժել, որ ուսանողներին օգտագործեն քաղաքական նպատակների համար:

Սա հենց այն քոլեջն է, որի վերաբերյալ նախընտրական փուլում սկանդալ պայթեց ձայնագրության տեսքով. մի կնոջ ձայն ուսանողներին հորդորում էր Արմավիրի հրապարակում հավաքվել այն օրը, երբ այդտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թիմի հանրահավաքն էր:

«Ինձ հանձնարարել են, որ ձեզ ասեմ, ես էլ ձեզ եմ ասում՝ երեխեք, էնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա», - լսվում էր ձայնագրությունում:

Ձայնագրությունում ենթադրաբար քոլեջի ՔՊ-ական դասախոսներից մեկի ձայնն է: Տնօրենը պնդում է՝ այդ հրավերը Փաշինյանի քարոզարշավի հետ ոչ մի կապ չուներ, հավաքը ժամը 7-ին պիտի լիներ, իրենք 5-ին ուսանողներին համերգի էին կանչում:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի խոսքով.- «էդ ձայնագրությունը պատկան մարմինների քննության տիրույթում է, գործը դեռ փակված չէ, այնպես որ, եկեք թույլ տանք պատկան մարմիններն էդ գործը քննեն, իրենց եզրակացությունն իրականացնեն»:

Հեռացված Հայաստան Հակոբյանը պնդում է՝ ուսանողներին հավաքի կանչող դասախոսն ընդամենը նկատողություն է ստացել տնօրենից:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG