Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Համաձայն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը, նշում է ՍԱՏՄ-ը:
Տեսչական մարմինը տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ է անում «արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները»։
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ փոփոխության նպատակը արտադրանքի հետագծելիության ապահովումն է, որ հնարավոր լինի վերահսկել դրա ծագումն ու կանխել անորակ արտադրանքի արտահանումն այլ երկրներ։
Մոտ մեկ ամիս է՝ Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է մտցրել հայկական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ ամբողջությամբ արգելափակել է միրգ-բանջարեղենի ներմուծումը՝ «որակի և ստուգումների ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ խախտումների» պատճառաբանությամբ։ Մոսկվան արգելափակում է նաև հայկական ապրանքների տարանցումն իր տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ, հորդորելով Երևանին կողմնորոշվել՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ կազմում, թե՞ անդամակցում է Եվրամիությանը։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նման ընտրություն կատարելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։