Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը երկաթուղու միայն Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները ռուսական կառավարումից հետ վերցնելո՞ւ մասին է, որի մասին ավելի վաղ արդեն ակնարկել էր, թե՞ առհասարակ երկաթուղու կոնսեցիոն պայմանագիրը խզելու:
«Մենք պետք է լուծում գտնենք և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչ կարող է անել, եթե Ռուսաստանը հրաժարվի կամ ձգձգի իր կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու այն հատվածների նորոգումը, որոնք առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանում հաղորդակցման ուղիների վերագործարկման հարցում:
«Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախիջևան, այսինքն՝ Օրդուբադ և այլն: Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղին: Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ», - ասել է նա:
Ամիսներ առաջ դեռ տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովում Փաշինյանն ընդգծել էր՝ Երևանն ուզում է, որ
Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրուց՝ Նախիջևան՝ երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ: Դա բխում է նաև Վաշինգտոնում ձեռք բերված խաղաղության շուրջ պայմանավորվածություններից, հայտարարել էր Հայաստանի վարչապետը. «Այս դարակազմիկ շրջադարձը՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին հնարավոր է լինելու ապահովել Ախուրիկ-Երասխ երթուղով: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում և համաձայնություն ձևավորելու համար»:
Չնայած հայկական կողմի այս առաջարկներին՝ անցած սեպտեմբերին Թուրքիայում մեծ հանդիսավորությամբ մեկնարկեց Կարս- Իգդիր- Արալըք-Դիլիջու երկաթգծի շինարարությունը։ «Այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի և համաշխարհային առևտրի համար»,- ազդարարել էր պաշտոնական Անկարան:
Հայաստանյան ընդդիմությունն ամիսներ առաջ էր դեռ հայտարարում, որ այս ծրագրով Թուրքիան փաստացի դուրս է թողնում Հայաստանը տարածաշրջանային երթուղուց։ Երեկ դա ընդունել է նաև վարչապետը, պնդելով, թե հարևան երկրներին անհանգստացնում է Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը. «Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս-Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար, և սա մեզ համար խնդիր է»:
Հայաստանն, ըստ Նիկոլ Փաշինյանի, կորցնում է մրցակցային առավելությունը, ուստի ստիպված է լուծում գտնել: Թե որը կլինի այդ լուծումը, նա փակագծեր չի բացել, միայն ասել է, որ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ:
«Ես ասել եմ՝ մենք գնում ենք կարգավորման, մենք գնում ենք խաղաղության, այսինքն՝ մենք արդեն խաղաղության պայմաններում ենք, և Հայաստանով անցնում է այդ երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել, բայց նաև հիմա շատ քննարկումներ՝ միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով՝ մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք ինչ լուծումներ ունենք», - նշել է վարչապետը:
Մինչ Հայաստանը լուծումների փնտրտուքի մեջ է, այդ թվում՝ ֆինանսական, Թուրքիան վստահեցրել է, որ երկաթուղու կառուցման ֆինանսավորմանը հարցը լուծված է: Դեռ ամիսներ առաջ է Թուրքիայի տարածքային կառավարման նախարարն ասել, որ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցման համար կծախսեն 2.4 միլիարդ եվրո:
Ըստ Խաչատրյանի՝ Փաշինյանը խոստովանեց այն, ինչ իրենք երկար ժամանակ պնդում էին
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ գնահատմամբ վարչապետ Փաշինյանն, ըստ էության, խոստովանեց այն, ինչ իրենք երկար ժամանակ պնդում էին, թե TRIPP-ը Հայաստանի ապաշրջափակման հարցը չի լուծում: Բայց սա, ըստ պատգամավորի, միակ խնդիրը չէ:
«Մենք երկար ժամանակ զգուշացնում էինք, որ Հայաստանը վարում է մի քաղաքականությունը, որը «և՛, և՛»-ից վաղը կարող է դառնալ «կա՛մ, կա՛մ»: Հիմա այստեղ եկավ մի պահ, որ ասում են կա՛մ, կա՛մ, և այդ հարցադրումը եթե դրվում է Արևմուտքից, այս դեպքում ԱՄՆ-ից, ես ամենևին չեմ բացառում, որը վաղը «կա՛մ, կա՛մ»-ը կարող է դրվի նաև Ռուսաստանի կողմից», - նշեց Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա հարցազրույցում հավաստիացնում էր՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ չի գործելու, բայց առաջնորդվելու է Հայաստանի շահով, ինքն էլ ջերմ հարաբերություններ ունի թե՛ նախագահ Պուտինի, թե՛ վարչապետ Միշուստինի հետ: