Ռուսաստանը հայտարարում է TRIPP-ի նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրում, ըստ պայմանավորվածության, 74 տոկոս մասնաբաժինը Միացյալ Նահանգներինն է, 26-ը՝ Հայաստանի կառավարությանը:
«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ էլ են Մոսկվայից ներգրավվման ակնարկներ եղել, բայց Երևանից արձագանքել են, որ ըստ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի, այդ հարցը պետք է համաձայնեցվի նաև ԱՄՆ-ի հետ:
«TRIPP-ը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ բիզնես գործունեություն», - ընդամենը երկու շաբաթ առաջ TRIPP-ի շրջանակի մասին փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրելուց հետո Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց՝ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի՝ TRIPP-ին մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բայց չբացառեց ռուսական կողմի՝ ենթակառուցվածքներում ներգրավվածությունը:
«TRIPP-ում՝ ոչ, բայց TRIPP-ի շարունակություն, TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար», - ասաց Արարատ Միրզոյանը:
Ի տարբերություն TRIPP-ի, Հայաստանից դեպի Ադրբեջան ու Թուրքիա ձգվող երկաթգծի մի քանի, մասնավորապես՝ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները վերականգնելու խնդրանքով Երևանը դիմել էր ռուսական կողմին: Վարչապետն արագ պատասխանի էր սպասում, եթե՝ ոչ, հայտարարել էր տարեվերջին, Հայաստանի կառավարությունը պատրաստ է դրանք հետ վերցնել հայկական երկաթգիծը կառավարող Ռուսական երկաթուղիներից ու պետական միջոցներով վերականգնել:
«Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով մենք խորացնենք մեր գործակցությունը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունում երեկվա ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց դրական ազդակներից՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ է պատասխանել ռուսական կողմը. - «Մենք դիմել ենք, այդ թվում՝ գրավոր ենք դիմել, ես ճիշտն ասած էս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ պատասխան գրավոր կա, թե չկա, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը, դրական ազդակներ ստացվում են, հույս ունենք, որ կարագանա պրոցեսը»:
«Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին երկաթուղու Երասխ - Սադարակ հատված՝ դրա մասին հաղորդագրություն եղավ: Այսինքն՝ պրոցեսները գնում են, և մենք չենք կարող ուղղակի պրոցեսները տարածաշրջանային կանգնեցնել, և հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները չեն հապաղի», - ասաց վարչապետը՝ հավելելով. - «Եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան էդ ներդրումը իրականացնել, մենք էդ հատվածները հետ կվերցնենք և մենք ինքներս կանենք»:
TRIPP-ից դուրս՝ երկաթուղու այս հատվածները վերականգնելու հարցով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն այսօր շատ չծավալվեց՝ ասելով, թե ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփման մեջ է, Երևանի բոլոր հարցումները օպերատիվ կերպով ուսումնասիրվում են:
Երևանն ու Վաշինգտոնը Մոսկվայից TRIPP-ին մասնակցության պաշտոնական հայտ ստացե՞լ են, ու նման հեռանկարի մասին ի՞նչ կարծիք ունի Երևանը. «Ազատություն»-ը Հայաստանի արտգործնախարարությանն է դիմել, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: