Մատչելիության հղումներ

Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը

Հացահատիկից, բիտումից ու հեղուկ գազից զատ, Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն:

«Չեմ կարող նշել, կլինի, կասենք», - ասաց նա:

Անցած տարեվերջին Հայաստանն Ադրբեջանի տարածքով առաջին անգամ հացահատիկ ներկրեց Ռուսաստանից ու Ղազախստանից, Հայաստանը նաև ադրբեջանական վառելիք է գնել: Վերջերս էլ հայտարարեցին Ադրբեջանի տարածքով նաև հեղուկ գազ ու բիտում ներկրելու համաձայնության մասին, որպեսզի Վերին Լարսի փակվելու դեպքում Հայաստանը վառելիքի դեֆիցիտ չունենա, ինչպես օրինակ՝ եղավ մի քանի շաբաթ առաջ:

Ադրբեջանի տարածքով ներկրված հեղուկ գազի մասին, սակայն, առայժմ չի հայտարարվել, ըստ նախարարի՝ ամեն ինչ համաձայնեցված է, մնացածը բիզնեսի տիրույթում է:

«Տեսնենք՝ բիզնեսը ոնց կարձագանքի, ոնց հարմար կլինի, այսինքն՝ քաղաքական համաձայնությունը դեռ բավարար չէ, որոշ դեպքերում երկաթուղին չի մտածել, որ հնարավոր է, պայմանական ենթադրենք՝ շշալցված կոնյակ արտահանել Ադրբեջանի տարածքով Ռուսաստան, և օրինակ ինքն այդ ուղղությամբ ոչ մի ներդրում չի արել, նույնը հեղուկ գազի դեպքում, այսինքն՝ այսօր եթե մեկն ուզենա հեղուկ գազ, այդ օրվա դրությամբ եմ ասում, վերցնել ու բերել, չէր կարողանա, որովհետև երկաթուղին այդ տեխնիկական հնարավորությունն այդ պահին չուներ: Ես գիտեմ, որ այս օրերին ակտիվ աշխատում են, կարող է նույնիսկ արդեն ունեն», - ասաց Պապոյանը:

Ադրբեջանից բենզին ներկրած, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունից ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ առայժմ պետք է ուսումնասիրեն ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազ ներկրելու հնարավորությունը, պետք է հաշվարկեն տնտեսական արդյունավետությունը՝ ինքնարժեքը. և՛ այս ընկերությունը, և՛ շուկայի տասնյակ այլ ներկայացուցիչները Ռուսաստանից հեղուկ գազը Վրաստանի տարածքով են ներկրում:

Հայկական կողմը թեև ավելի վաղ հայտարարել է, որ Երևանի օրակարգում է նաև հայկական արտադրանք Ադրբեջան արտահանելու հարցը, սակայն մինչ այս պահը տեղական որևէ ապրանք Ադրբեջան չի հասել: Հենց Բաքվից փորձագիտական մակարդակով կարծիք են հայտնել, որ Հայաստանից ծխախոտ, կոնյակ ու գյուղատնտեսական մթերք կարող են գնել:

«Կողմերը փոխանակվել են այդ ցանկերով, այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել, և մենք՝ իրենց, և գործարար միջավայրը, կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի: Հիմա ի՞նչն է պատճառը, պատճառները տարբեր են սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան՝ մեզ համար», - նկատեց նախարարը:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ փոխադարձ առևտրի համար ժամանակ է պետք, թե որքան, գնահատականներ չի տալիս, ասում է՝ կառավարությունը պայմաններն է ստեղծում, մնացածն իրենց աշխատանքը չէ. «Հիմա մենք պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չէ, օրինակ՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, սակայն դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանք կա, ու կլինի դա մի քանի տարի անց, ես նկատի ունեմ TRIPP-ի գործարկումը, մինչև այդ, իհարկե, կարող է նաև այլ գործիքակազմ աշխատել»:

Ադրբեջանը մինչ այս պահը չի արձագանքել նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին: Երևանը հայտարարում է, որ պատրաստ է անմիջապես բացել ցամաքային սահմանը:

XS
SM
MD
LG