Հայաստանում գտնվել են մարդիկ, որ այժմ քննարկում են Ստեփանակերտի մայր տաճարի ու Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման փաստերով եվրոպական դատարան դիմելու հարցը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին մի քանի հանրային գործիչներ, որ առայժմ ներկայանալ չեն ցանկանում: Կարծում են՝ այս կերպ կարող են Բաքվին միջազգային դատարան պատասխանատվության կանչել ու ամենակարևորը՝ կանխել հետագա ավերումները:
«Պետությունը չի կարող անհատներին արգելել ու չի էլ արգելում, որևէ միջամտություն դեռ մեր աշխատանքին չկա։ Իսկ կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առանձին սուբյեկտ, հա, ինքը ասում է՝ դա իմ գործը չէ, որովհետև իմ սահմաններից դուրս է», - «Ազատությանն» ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ ոչնչացվել է ադրբեջանցիների ձեռքով, Արցախի թեմի գույքն է, և արցախցիները կամ Մայր Աթոռը կարող են իրավական գործընթաց սկսել՝ անկախ նրանից, որ պետության ղեկավարն ասել է՝ միջազգային կառույցներին չեն դիմելու: Ստրասբուրգի դատարան կարող է դիմել, օրինակ, կործանված տաճարում մկրտված մեկը:
«Այն մարդիկ, ովքեր այնտեղ ամուսնացել են, ովքեր նշանվել են, եկեղեցին իրենց համար իրենց հոգևոր կյանքի բաղկացուցիչ մասն է եղել, սա ստեղծում է իրավահարաբերության կապ», - նշեց Ղազարյանը:
«Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը շարում է բոլոր այն հիմքերը, որոնցով, վստահ է, Հայաստանի իշխանությունը պարտավոր էր զբաղվել հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ, նույնիսկ եթե այն Հայաստանի տարածքից դուրս է: Սահմանադրական պարտավորությունից բացի՝ միջպետական գանգատներ կան Ստրասբուրգի ու Հաագայի դատարաններում, կան նաև միջանկյալ վճիռներ, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին չոչնչացնել հայկական կոթողները:
«Ընթացիկ գանգատները, բնականաբար, այդ գանգատների շրջանակներում Հայաստանը քաղաքական պարտավորություն ունի շարունակելու, բայց նույնիսկ եթե Հայաստանը միջպետական գանգատները հետ վերցնի, նույնիսկ այդ պարագայում դատարանների այս ակտերը չեն կարող չեղարկվել, դրանք ուժի մեջ են», - ասաց նա։
Իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում, իշխանական վերնախավից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն է Հանրայինին տված հարցազրույցում շարունակել բացատրել, թե ինչու է պետք լռել, երբ Բաքուն քանդում է մայր տաճարը:
«Ասացինք՝ ինչո՞ւ եք քանդում մեր ժառանգությունը։ Պատասխանում են, ասում են՝ լավ ենք անում», - ասել է նա։
Դիտարկմանը, որ «դա չեղավ խաղաղություն», Թորոսյանն արձագանքել է. «Չէ, դա եղավ խաղաղություն»։
Վատ է, որ քանդում են, հընթացս արձանագրել է նախարարը, բայց պնդել, որ եթե Հայաստանի իշխանությունը ձայն հանի, կնշանակի՝ վերակենդանացնում է ղարաբաղյան շարժումը: Թորոսյանը չի հստակեցրել՝ Բաքուն սկսելու է կրակել, եթե Հայաստանի իշխանությունը որոշի անհանգստություն հայտնել հուշարձանների ոչնչացման առիթով: Պետք չէ խոսել ու վերջ, ասել է նա. «Ասենք՝ արեցինք և ի՞նչ: Դա ՀՀ-ին, ուղիղ Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ-ում ապրող ժողովրդին ու քաղաքացուն ի՞նչ է տալու»:
«Արսեն Թորոսյանը լավ կանի պարզապես լռի և գնա, իր գործերով զբաղվի, առնվազն աշխատանքի և սոցիալական հարցերի ուղղությամբ շատ-շատ մեծ ձախողումներ ու բացթողումներ ունեն, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինտեգրման հարցում, այլապես ինքը սրանով լրացուցիչ չափով խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները», - արձագանքեց Արտակ Բեգլարյանը:
Գերիներին էլ սպանեն, իշխանականները կասեն՝ իրենց երկիրն է, ինչ կուզեն կանեն, հավելեց «Արցախ» միության ղեկավարը՝ իշխող թիմի տեսակետները համարելով վտանգավոր ապագայի համար։ Այսպես կարող են հողին հավասարվել նաև Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը ու այլ հնագույն կոթողներ, հավելեց նա. «Ինչ էլ իրենք անեն՝ միևնույն է՝ մենք մեզ խելոք ենք պահում»:
Թորոսյանն օգնում է Բաքվին, արդարացնում եկեղեցիներ քանդելը, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն է հակադարձում «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամին:
«Այսինքն՝ միջազգային մեր ցանկացած գործընկեր, որ սա կարդա, պետք է ասի՝ ժողովո՛ւրդ ջան, այս հարցը մենք ո՞նց բարձրաձայնենք, եթե ձեր երկրի ներսում ձեր մինիստրը, իշխող ուժի ներկայացուցիչն ասում է՝ դե նորմալ է, Ադրբեջանն ինքն իր տարածքում արել է, մենք խաղաղություն ենք կառուցում», - նշել է նա:
Ըստ Մարուքյանի՝ հայկական արժեքների ոչնչացմամբ Բաքուն ցույց է տալիս, որ խաղաղության պլան բոլորովին չունի: Ունենար, ասում է, պիտի եկեղեցին տեղում լիներ, բաց ճանապարհ, «մենք էլ գնայինք, մոմ վառեինք, շփվեինք»: