Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատեց՝ քանդել է Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին

Երկու «ապօրինի կառույցների» քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, հայտարարում են Բաքվից՝ հաստատելով, որ Ստեփանակերտի մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին այլևս չկան։ «Ազատության» Պրահայի գրասենյակում արբանյակային թարմ լուսանկարներն են վերլուծել՝ հստակ երևում է՝ հսկա մայր տաճարի տեղում սպիտակ սալահատակն է, Սուրբ Հակոբի տեղում՝ սև հող։

Կովկասի մահմեդականների վարչությունն է պատասխանել Մայր Աթոռի օրեր առաջ տարածած հաղորդագրությանը, որում խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Բաքուն հայտարարում է, որ այս երկու եկեղեցիները «օկուպացիայի խորհրդանիշներ էին»։

«Հայրենի տարածքներ վերադարձող նախկին հարկադիր տեղահանվածները բազմիցս դիմել են պետական մարմիններին, դատական ատյաններին՝ օկուպացիայի ընթացքում կառուցված շինությունների ապամոնտաժման պահանջով», - ասված է հաղորդագրության մեջ։

Այդ ովքե՞ր են վերադառնում․ Ստեփանակերտում շատ քիչ էին ադրբեջանցիները և ապրում էին Կրկժանի վերին թաղում և ոչ եկեղեցու թաղերում, հակադարձում է Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Կոնկրետ Ստեփանակերտում միշտ էլ հայ բնակչությունը ոչ թե մեծամասնություն է կազմել, այլ եղել է գերակշռող, այսինքն՝ Ստեփանակերտը միշտ եղել է մեծամասամբ հայաբնակ քաղաք: Ադրբեջանցիներն ապրել են որոշակիորեն Կրկժանի վերին թաղում, եղել են տարբեր շրջաններից բերված 1960-ականներին, որպեսզի փոխեն ԼՂԻՄ ժողովրդագրական իրավիճակը: Այնպես որ, Կովկասցի մահմեդականների միության հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Միջազգային հումանիտար իրավունքից է խոսում Բաքուն՝ հիմնավորելով եկեղեցիների ոչնչացումը․ գրում են՝ դրանք Ադրբեջանի համաձայնությամբ չեն կառուցվել, և քանդելով իրենք օրինականություն են վերականգնում, որը խախտվել է «օկուպացիայի» տարիներին։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ դա ոչ թե օկուպանտների, այլ բնիկների մշակույթն է։

«Դա միջազգային իրավական որևէ բանի չի դիմանում, որովհետև շատ վաղուց Արցախի հայ բնակչության իրավունքը դեռևս սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ որպես բնակիկների: Եթե մենք օկուպացիա էինք, ապա Խորհրդային Միությունն ինչո՞ւ է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ ստեղծել», - ասում է նա:

Ադրբեջանի մահմեդականների վարչությունը 30 տարում կառուցված եկեղեցիների վերացման հիմքեր է ներկայացնում, բայց այդպես էլ ոչինչ չի ասում, թե ինչու են քանդել 18-19-րդ դարերի Շուշիի Կանաչ ժամը, Մոխրենեսի եկեղեցին։ Բաքուն ինքն իրեն է գովում՝ «հանդուրժող են», այդ երկրում կողք կողքի «եկեղեցի, մզկիթ ու սինագոգ է գործում»։

«Եթե իրենք այդպես տոլեռանդ են և պահպանում են այդ թվում՝ հայկական եկեղեցիները՝ բերելով Բաքվի օրինակը, ապա ո՞ւր են Նախիջևանի 27 հազար հուշարձանները, հյուսիսային Արցախի հուշարձանները», - հարցում է Արցախի թեմական խորհրդի ատենապետը։

Այժմ էլ վտանգված է Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկի հուշարձանը։ Ճիշտ է՝ այն կառուցվել է ոչ թե 90-ականներից հետո, այլ խորհրդային շրջանում, բայց արդեն իսկ համացանցը լի է այն հողին հավասարեցնելու ադրբեջանական կոչերով։ Ստեփանակերտի մայր տաճարի ու Սուրբ Հակոբի քանդմանը նույնպես այսպիսի կոչեր էին նախորդել։ Սոցհարթակների ադրբեջանցի օգտատերերը արհեստական բանականությամբ ստեղծված նկարներ են տարածում, որոնցում տատիկն ու պապիկն են՝ արդեն քանդող տեխնիկայի տակ։

Հայաստանի իշխանությունն արդեն հայտարարել է՝ միջազգային կառույցներին չի դիմի ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման փաստով։

Մշակութային ժառանգության ոչնչացումը խաղաղությա՞ն, թե՞ թշնամանքի մասին է, հարցին վարչապետ Փաշինյանը հորդորել էր շրջահայաց լինել. «Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»։

Արցախի թեմական խորհրդի ատենապետը վստահ է՝ Հայաստանի իշխանության ոչինչ չանելն ավելի սանձարձակ է դարձնում Բաքվին։ Մեկ օրինակ ունի՝ ադրբեջանցիները Քարին տակի Սուրբ Աստվածածին եկեղեցու վարագույրները պոկել, սուրբ սեղանը քանդել ու նամազ էին անում։ Եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչը Ստրասբուրգ դիմում ուղարկեց վանդալիզմի այս դեպքով: Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ սա զսպող դեր ունեցավ։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG