Մատչելիության հղումներ

Վարչապետը «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով կդառնա միջազգային քննարկումների առարկա

Լրացված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միզազգային քննարկումների առարկա կդառնա:

Եկեղեցու քանդման մասին ահազանգերից երեք օր անց Հայաստանի վարչապետն ասել է.- «Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են: Ինչպես Նոր Կտակարանն է ասում ՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով, որ չափելու եք: Մենք կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը:

Մի քանի օր է, ինչ ահազանգ է հնչում՝ Ստեփանակերտի Մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ հիմա արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:

Որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարը անհետացել է, առաջինը նկատեց Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից կարմիր տաճարը շատ լավ էր երևում, նաև «Պարկ հոթել» հյուրանոցի կողքին էր: Հիմա հյուրանոցը երևում է, տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող թիմի ներկայացուցիչ Էլնարա Ախիմովան «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է՝ «Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք»: Ադրբեջանցի խորհրդարանականը Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է՝ դա դեռ պիտի ճշտվի: Ըստ նրա՝ «հայերն են քանդել իրենց մզկիթները օկուպացիայի» 30 տարիների ընթացքում:

Մայր Աթոռն այսօր խստորեն դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը։

Էջմիածինը հայտարարությամբ շեշտել է՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Մայր Աթոռը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը անհետացումից բացի, նշել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և հարակից տարածքում գտնվող խաչքարերի ու կոթողների ոչնչացման մասին:

Ըստ Էջմիածնի՝ պետական մակարդակով իրագործվող «այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել», իսկ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները Եկեղեցին կասկածելի է համարում:


Տե՛ս նաև այստեղ

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG